«Առանց Ղարաբաղի անկախ պետականության, ուրիշ հարց մենք պատրաստ չենք քննարկել». ՀՀԿ-ական պատգամավոր

«Մեր երկիրը դեռևս մինչև այս դեպքերն էլ ասել է, որ անկախ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը երբեք չի եղել, և մենք գտնում ենք, որ այլընտրանք չկա Ղարաբաղին, քան՝ անկախ պետություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի այն դիտարկումներին, թե պետք է բանակցությունների սեղանին այդ ամենի վերաբերյալ փաստաթուղթ ներկայացվի՝ Մ. Մինասյանը համոզմունք հայտնեց, որ բազմաթիվ անգամներ այդ դիրքորոշումը դրվել է բանակցությունների սեղանին. «Եթե դուք գտնում եք՝ նման փաստաթուղթը պետք է օրենքի ուժ ստանա, նոր գնա, կամ երկրի նախագահի կողմից հաստատվի՝ նոր գնա, համոզված եմ՝ եթե դրա կարիքը լինի, երկրի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, անհապաղ կանի դա՝ խորհրդակցելով միջազգային իրավունքի մասնագետների հետ»:

Մ. Մինասյանը նկատեց, որ ապրիլյան պատերազմից հետո դիրքորոշում է փոխվել. «Մեր դիրքորոշումը որոշակի վերանայվել է, ու կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ երբևիցե ցանկացած ոտնձգություն մեր հարևանի կողմից ստանա ադեկվատ վերաբերմունք: Մենք ամեն ինչին պետք է պատրաստ լինենք. և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ բանակցային բոլոր լծակներն ու մեխանիզմները պետք է պատրաստ պահենք: Մեր հարևանը եթե մեկ անգամ ևս ոտնձգություն անի, մենք վստահ պետք է նույն հակահարվածը տանք, և ես դրանում համոզված եմ: Առանց Ղարաբաղի անկախ պետականության, ուրիշ հարց մենք պատրաստ չենք քննարկել»:

Ա. Սարգսյանը կարծում է՝ բանակցային ֆորմատը պետք է փոխվի. «Մենք ադրբեջանցիների հետ այդ մասին խոսել ենք: Նրանք ասում էին՝ «վերադարձրեք մեր տարածքները», մենք էլ ասում էինք՝ «դուք էլ վերադարձրեք մեր տարածքները»` Շահումյանը, Մարտունաշենը, Գետաշենը, Մարտակերտը, Մարտունին, նաև Նախիջևանը: Իրենք փրփրում էին, տեղից թռչում էին, ասում էին՝ «ո՞նց թե», ասում էինք` «բա ո՞նց էիք կարծում»: Բա տարածքները քննարկելը դա է նշանակում»:

Ա. Սարգսյանը նաև նշեց, որ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի ԼՂՀ-ի հետ, փոխում է տրամաբանությունը նախորդ բանակցային գործընթացի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս