Բարսելոնայի ռեստորանի հայազգի սեփականատերը՝ փողերի լվացման գործում. «Ազատություն»
Իսպանիայի ոստիկանությունը երեքշաբթի օրը 11 անձանց է ձերբակալել, այդ թվում՝ Կիևի նախկին քաղաքապետի որդուն, որոնք կասկածվում են ուկրաինական կազմակերպված հանցավոր խմբավորումների փողերի լվացման մեջ: Իրավապահները ենթադրում են, որ անօրինական փողերի լվացումը կատարվում է նաև Բարսելոնայում հայտնի բարձրակարգ ճապոնական Yubari ռեստորանի միջոցով, որի սեփականատերը հայազգի Արման Մայիլյանն է: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»:
Հաղորդելով այս մասին՝ France-Presse-ը նշում է, որ բարձրակարգ այս ռեստորանում են ճաշում «Բարսելոնա»-ի խաղացողներ, ֆուտբոլային աստղեր արգենտինացի Լիոնել Մեսին և բրազիլացի Նեյմարը: Հիմա դատախազությունը կարգադրել է փակել ռեստորանը, ինչպես նաև պահանջել է ձերբակալել Արման Մայիլյանին, France-Presse-ին հայտնել են հետաքննության աղբյուրները:
Անօրինական փողերի լվացման հանցավոր խմբավորման ղեկավարը համարվում է Կիևի նախկին քաղապետի որդի Ստեպան Չեռնովեցկին: Նա Բարսելոնայում ձերբակալվել է ուրիշ կասկածյալների հետ: Ձերբակալվածների մեծ մասը ռուսներ և ուկրաինացիներ են: Դատախազությունը նրանց մեղադրում է հանցավոր խումբ կազմելու, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու և հարկեր թաքցնելու մեջ:
Կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը հայտարարությունում նշել է, որ կասկածյալները ավելի քան 10 միլիոն եվրոյի փողերի լվացում են կատարել Կիպրոսում ու Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունների միջոցով անշարժ գույք գնելով Իսպանիայում:
Դատախազության հայտարարությունում նշված է, որ այդ գումարների ծագումը հայտնի չէ: Կասկածյալները օրինական այնքան եկամուտներ չունեն, որոնք հիմնավորեն նրանց գումարների աճը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ հետաքննության շրջանակում Բարսելոնայում և մոտակա առափնյա S’Agaro հանգստավայրում 16 խուզարկություն է կատարել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: