Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու գործը դատարանում է
2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, ով հուլիսի 7-ին քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել:
Հովհաննես Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 15.04.2016թ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, հոր անվամբ հաշվառված ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Իսակովի պողոտայում գտնվող ՀՀ 2-րդ Նախագահ Ռ. Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի մոտ, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, անտեսելով ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցների ներկայությունը, նռնակ է նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, որից հետո նշված ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Նախաքննության ընթացքում «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014 թվականից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ: Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրադյանին հարկ է ճանաչել անմեղսունակ. ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարող ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք։ Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես՝ իր, այնպես էլ՝ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում։
Արդյունքում՝ քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործն ուղարկել դատարան։