«Միջին Արևելքն առանց քրիստոնյա կենտրոնի մեծ կորուստ կունենա». Արամ Ա.

Երկօրյա այցով Լիբանանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոյը հանդիպել է Լիբանանի քրիստոնյա համայնքի հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետը և Լիբանանի թեմի առաջնորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը: Այս մասին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից:

Ժան Մարկ Էյրոյը նշել է, որ Ֆրանսիան ամուր կապի մեջ է Լիբանանի հետ: Նախարարը իր գոհունակությունն է հայտնել այն մասին, որ Լիբանանը կարողացել է զերծ մնալ հնարավոր վտանգներից: Նա կարևորել է քրիստոնյա համայնքների ավելի ազդեցիկ մասնակցությունը Լիբանանի քաղաքական կյանքին:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում անդրադարձել է Միջին Արևելքում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ Միջին Արևելքում միշտ եղել և ակտիվ գործունեություն են ծավալել քրիստոնեական կենտրոններ, եկեղեցիներ, համայնքներ:

«Այսօր Միջին Արևելքում քրիստոնեությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Տնտեսական տագնապը, անապահով պայմանները, ահաբեկչությունը և արտագաղթը սկսել են լուրջ հետևանքներ ունենալ: Այս իրավիճակը միայն քրիստոնյաների մտահոգությունը չէ, այն պետք է նաև դառնա արաբական աշխարհի ու Եվրոպայի մտահոգությունը: Միջին Արևելքն առանց քրիստոնյա կենտրոնի ներկայության մեծ կորուստ կունենա: Ավելին` քրիստոնյա-իսլամ գոյակցության բացակայությունը աշխարհի այդ մասը կվերածի ծայրահեղականության կենտրոնի: Մտահոգիչ երևույթ, որի գործնական արտահայտությունն արդեն տեսնում ենք»,-ասել է Արամ Ա-ն: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ Ֆրանսիան իր արտաքին քաղաքական գործընթացներում հաճախ կհիշատակի այս հարցը:

Տեսանյութեր

Լրահոս