«Մենք պետք է Քուռի աջ ափ դուրս գանք ու ստատուս-քվոն փոխենք միայն ի օգուտ մեզ». Վովա Վարդանով

«Քաղաքական առումով միջազգային անցուդարձում տարբեր փոփոխություններ են տեղի ունենում, բայց կա անփոփոխ մի բան` այս տարածաշրջանում երկու ուղղություններ կան, որոնք իրար հետ մեկ՝ չեն կռվում, մեկ էլ՝ բացահայտ կռվում են. Ռուսաստանը և Արևմուտքը` իր գլխավոր դաշնակից Թուրքիայով: Իրենք ինչ խոսեն-չխոսեն՝ ի՞նչ կապ ունի այսօրվա մեր անվտանգության համակարգի հետ: Իրենք ինչ ասում-խոսում են, ուզում են կատարվի, անում են՝ իրենց շահերից ելնելով: Մեր շահերից ելնելով՝ պետք է ունենանք պինդ, ամուր բանակ, խելքը գլխին, տնտեսապես ոչ սնանկ ժողովուրդ, որը կանգնած է այդ բանակի մեջքին, և միշտ մեզ հանձնվելու պատրաստ հակառակորդ: Դրա համար պետք է աշխատենք մեզ վրա»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսին նշեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Նա նկատեց՝ երբ այսօր ասում են, թե ստատուս-քվոն պահպանել այլևս հնարավոր չէ, կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ հնարավոր չէ.

«Ջիբրալթարն անգլիական գաղութ է, բայց մինչև հիմա նորմալ պայմանագիր չունեն Իսպանիայի հետ, իրենց մեջ պատերազմը մի կերպ դադարել է: Էդ խի՞ իրենց մոտ 200 տարի ստատուս-քվոն շարունակվի, մեզ մոտ՝ ոչ: Ես կարծում եմ, որ մենք պետք է Քուռի աջ ափ դուրս գանք ու ստատուս-քվոն փոխենք միայն ի օգուտ մեզ: Եթե մենք դրան պատրաստ չենք, մեզ կստիպեն շատ լուրջ զիջումների գնալ: Ցանկացած զիջում կբերի մեգապոլիս Երևան ստեղծելուն՝ իր արվարձաններով. քաղաք-պետություն Երևան: Ոչ մի զիջում անել չի կարելի: Նայեք Բաշար Ասադին՝ ով ասես՝ իրեն նեղում էր, ինքը դիմադրեց այն աստիճան, որ իր մեջ ուժ տեսան ու եկան-կանգնեցին կողքին: Անգամ ԱՄՆ-ն է Ասադի օգտին գործողություններ անում՝ ռմբակոծելով ԻԼԻՊ-ին ու «Ջաբաթ ալ Նուսրային»: Կարճ ասած՝ եթե մենք պինդ լինենք, ոչ մի բան չեն կարող անել: Ոչ թե Ալիևի նման անենք. որ ինքն ասում է, բայց իր ժողովուրդն ամեն զիջման էլ պատրաստ է, այլ առաջխաղացման ամբիցիաներ ունենանք, մեզ հետ ավելի լուրջ հաշվի կնստեն»:

Տեսանյութեր

Լրահոս