«Ես գուցե այդքան գրավիչ չեմ ձեզ համար, ինչպես Մարիա Զախարովան… բայց ես Լավրովի մամլո պատասխանատուն չեմ». Արմեն Աշոտյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար ԼՂՀ տարածքները ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքներն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Աշոտյանը խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման համար ենթադրվող փոխզիջումների մասին՝ նշեց, որ ԼՂՀ բանակցային գործընթացը մեկնարկել է 20 տարի առաջ և բանակցային գործընթացը նպատակ է ունեցել գալ երկարատև խաղաղության բանաձևի, որը հնարավոր է բանական փոխզիջումների շրջանակներում:
«Ես իրավասու չեմ պատասխանելու, թե ինչը՝ ինչի դիմաց կարելի է զիջել, բայց և՛ նախկին, և՛ այսօրվա իշխանությունները գնում են բանակցային գործընթացում բանական փոխզիջումների, որոնք չեն կարող հարցականի տակ դնել և չեն դնելու ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Դիտարկումը, թե երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերը մոտ են խնդրի լուծմանն ավելի քան երբևէ, Ա. Աշոտյանը չցանկացավ մեկնաբանել՝ ասելով. «Ես գուցե այդքան գրավիչ չեմ ձեզ համար, ինչպես Մարիա Զախարովան, բայց ես Սերգեյ Լավրովի հետ որևէ տեղեկատվական, լրատվական և քաղաքական կապ չունեմ, ես իր մամլո պատասխանատուն չեմ»:
Ա. Աշոտյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը մի կողմից՝ չի ուզում խաղաղ կարգավորում, մյուս կողմից՝ չունի այդ խիզախությունը, որպեսզի աշխարհի մեծերին դա բաց տեքստով ասի. «Այս քաղաքական շիզոֆրենիայի պարագայում, երբ մարդ կարող է Վիեննայում մի բան ասել, Բաքվում մեկ այլ բան ասել, ակնհայտ է, որ նա չի ուզում, բայց չի կարող այդ մասին ասել քաղաքական լուրջ դերակատարներին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: