«Ողբերգություն վերապրած ժողովուրդներն իրար լավ են հասկանում». բոսնիացի դերասան
Բուլղարուհի ռեժիսոր Իգլիկա Տրիֆոնովայի՝ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես երբեմն արդարությունը կարող է վերածվել բիզնեսի: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ բոսնիացի դերասան Իզուդին Բայրովիչը:
«Ֆիլմի երեկվա ցուցադրությունը համընկել է 1995 թվականին Սրեբրենիցայի զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Երեկ Բոսնիայում սգո օր էր: Հստակ չգիտեմ՝ պատահականություն էր, թե կազմակերպիչներն էին այդպես որոշել, որ հենց երեկ ցուցադրվի այս ֆիլմը: Սա նշում եմ, քանի որ ինձ համար շատ կարևոր է»,-ընդգծեց բոսնիացի դերասանը:
Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է Էստոնիայում, հետո Հոլանդիայում եւ Բուլղարիայում, սակայն դեռեւս բոսնիացի հանդիսատեսի դատին այն չի հանձնվել:
«Հուսով եմ, որ ֆիլմի ցուցադրությունը կկազմակերպվի Բոսնիայում, իսկ ինչ վերաբերում է երկրների արձագանքին, կարող եմ ասել, որ ֆիլմի ընկալումը բավականին տարբեր է: Բալկանյան ժողովուրդները անցյալի նույն փորձն ունեն: Ողբերգություն վերապրած ժողովուրդներն առհասարակ ունեն պատմությունը նույն կերպ ընկալելու հատկություն, նրանք լավ են հասկանում միմյանց, իսկ օրինակ՝ Հյուսիսային Եվրոպայի հանդիսատեսի համար պարզ չէր, թե ֆիլմում ինչ իրադարձություններ են տեղի ունենում»,-ասաց նա:
Ֆիլմում երկու պատվախնդիր փաստաբաններ հանդիպում են ռազմական հանցանքների համար մեղադրվող Միլոռադ Կրստիչի՝ բոսնիական պատերազմի հրամանատարի դատավարությանը: Դատապաշտպանին՝ Միխայիլ Ֆիննին հաջողվել է հերքել իր հաճախորդին ներկայացվող մեղադրանքները: Համոզված լինելով, որ Կրստիչը մեղավոր է, դատախազ Կատրին Լագրանժը որպես վկա կանչում է մի երիտասարդի, որը ցուցմունք է տալիս Կրստիչի դեմ: Նա պնդում է, որ իր ծնողները լքել են իրեն, երբ շատ փոքր է եղել և Կրստիչի զինվորներից է եղել: Ֆիննը հետաքննություն է սկսում վերջինիս վկայությունների իսկությունը ստուգելու համար և շուտով հանդիպում է երիտասարդի ընտանիքին: Ֆիլմը ներշնչված է իրական պատմությունից: Ֆիլմում որդուն մարմնավորել է հայազգի դերասան Հովհաննես Թորոսյանը: