ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը որոշել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցել դաշինքով
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը հուլիսի 12-ի նիստում որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին մասնակցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միության (ՀՔԴՄ) հետ՝ դաշինքով և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Որոշումը լրատվամիջոցներին փոխանցեց ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:
«Մինչ այս, տարբեր քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ Գյումրու ավագանու 2016 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու հետ կապված: Քննարկումներից հետո գրավոր առաջարկ ենք ստացել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Շիրակի մարզային կազմակերպության կողմից, որպեսզի 2016 թվականի ավագանու ընտրություններին մասնակցենք դաշինքով և, անհրաժեշտ է համարել նշել, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը գլխավորելու է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Բնականաբար, նաև խնդրանք են ներկայացել, որպեսզի խնդիրը քննարկվի ՀՀԿ Շիրակի մարզային կազմակերպությունում: Այս խնդրանքի հիմքով այսօր հրավիրվել է խորհրդի նիստ, քննարկվել և ներկայացվել է ընտրություններում դաշինքով ներկայանալու հարցը, մարզային կառույցի խորհուրդը հավանության է արժանացրել առաջարկը և որոշում է ընդունել առաջարկը ներկայացնել ՀՀԿ գործադիր մարմնի քննարկմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սահակ Մինասյանը՝ որպես որոշման հիմնավորում նշելով Գյումրու զարգացման՝ արդեն իսկ մեկնարկված և սպասվելիք ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը: Չնայած այս որոշմանը, Սահակ Մինասյանը նաև նշեց, որ այլ առաջարկների դեպքում, հնարավոր քննարկումներ կլինեն:
ՀՀԿ մարզային կառույցի այս որոշումը կքննարկվի ՀՀԿ գործադիր մարմնի կողմից: Վերջնական որոշումը կկայացնի գործադիր մարմինը: Որոշման հաստատման դեպքում, ավագանու անդամների ցանկը կկազմվի համատեղ՝ 2 կուսակցությունների կողմից, իսկ որոշման մերժման դեպքում՝ կքննարկվեն նոր առաջարկներ:
Արմենուհի Մխոյան