Քաղաքացին ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից և գումար հափշտակել. ԱԱԾ

Քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա 2016 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խարդախությամբ գումար հափշտակելու պահին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկել՝ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Արտակ Գևորգի Նազարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել և փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ՝ իբր որպես վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաև խոստացել հետագայում նշված գործունեության հովան ավորչություն իրականացնել:

Խարդախության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ա. Նազարյանի նմանօրինակ գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ զանգահարելով 010-56-35-15 կամ 011-54-81-19 հեռախոսահամարներով:

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս