«Ռուսաստանի մոտ «նահանջ երգով» չի ստացվում, «նահանջ ճռռոցով» է ստացվում». Աղասի Ենոքյան
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի կարծիքով՝ հիմա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմ չի ընթանում: Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կազմակերպված «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի հետքերով.
Ի՞նչ սպասել հետո» թեմայով քննարկման ժամանակ Ա. Ենոքյանը նկատեց, որ սառը պատերազմը գլոբալ հակամարտություն է:
Նրա խոսքով՝ սառը պատերազմը հակամարտություն է և՛ տնտեսության, և՛ գաղափարախոսության, և՛ ռազմական բնագավառում: Նա նկատեց, որ տնտեսական և գաղափարախոսական բնագավառներում նման հակամարտություն չկա:
«Սառը պատերազմի փոխարեն՝ կարող ենք ասել, որ կա լուրջ զսպման քաղաքականություն, որն արտահայտվում է և՛ սովորական սպառազինությունների միջոցով, և՛ հրթիռային սպառազինությունների, խոսում են միջուկային սպառազինությունների մասին: Եթե սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպող կառույցից վերածվեց եվրոպական անվտանգության կառույցի, հիմա ՆԱՏՕ-ն նորից վերադառնում է Ռուսաստանին զսպող կառույցի»,- կարծում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ ամբողջ հարցն այն է՝ Ռուսաստանը կնահանջի՞, թե՞ ավելի ագրեսիվ կդառնա: Նրա խոսքով՝ Ռուսաստանի մոտ «նահանջ երգով» չի ստացվում, «նահանջ ճռռոցով» է ստացվում:
Ա. Ենոքյանը կարծում է՝ չհաջողվեց ուժեղացնել ՆԱՏՕ-ի հարավային թևը: Նա նկատեց, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հաջորդ օրը Ռուսաստանը և Ադրբեջանը միասին հայտարարում են «պատերազմը շարունակելու իրենց պատրաստակամության մասին»:
«Խոսքը գնում է այն մասին, որ Ռուսաստանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են Ադրբեջանին նորից զենքեր տրամադրել: Հարցը այն չէ, Ադրբեջանին պե՞տք է զենք, թե՞ ոչ, հարցն այն չէ՝ ինչքան զենք է տալու, այս հայտարարությունը նշանակում է, որ երկուսն էլ հայտարարում են՝ այո, մենք չենք դադարեցրել ռազմական ուղիով այս խնդիրը լուծելու մեր պատրաստակամությունը: Թե ի՞նչ են խոսել այնտեղ Սերժ Սարգսյանը և Քերին, ի՞նչ են խոսել Ալիևի հետ, և այլն, չգիտեմ, միգուցե դա ավելի պարզ կլինի փարիզյան հանդիպման ժամանակ: Ամեն դեպքում, իրերի նման զարգացման պարագայում ես վատատես եմ, եթե ֆորսմաժորներ չլինեն, ես չեմ կարծում, որ այստեղ լինի լուրջ դրական զարգացում»,- եզրափակեց վերլուծաբանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: