
Իրանը Պարսից ծոցում հսկողություն է իրականացնում բոլոր արտասահմանյան նավերի նկատմամբ

Պարսից ծոցի գոտում բոլոր արտասահմանյան մարտանավերը գտնվում են Իրանի ռազմածովային ուժերի հսկողության ներքո: Այս մասին հայտարարել է «Իսլամական հեղեփոխության պահապանների» զորակազմի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին:
Նա այսպես է մեկնաբանել արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, թե հուլիսի 11-ին Որմզդի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի հինգ կատերներ 500 մետր մոտեցել են ամերիկյան ռազմանավին, որտեղ գտնվել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ Վոտելը:
«Պարսից ծոցում մեր հսկողության տակ են գտնվում բոլոր արտասահմանյան ռազմանավերը: Այդ հսկողությունն ինչ-որ նոր բան չէ, այն մշտական հիման վրա իրականացվել է միշտ եւ շուրջօրյա: Մարտանավերի տեղափոխումների այդ հսկողությունը մենք կիրականացնենք այսուհետեւ էլ: Հատկապես դա վերաբերում է այն երկրների նավերին, որոնք գտնվում են մեր տարածաշրջանի սահմաններից դուրս, եւ, ամենից առաջ, այն երկրների նավերին, որոնք թշնամաբար են վերաբերվում Իսլամական Հանրապետության նկատմամբ»,- ընդգծել է «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի հրամանատարության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է ԻՍՆԱ գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: