«Կռիվը, որ սկսվեց, ոչ ոք չհարցրեց` ո՞ւմ տղեն ես, քո հերդ որքա՞ն փող ունի, ի՞նչ մեքենա է քշում, ի՞նչ համարներով»
asparez.am. 4 կրակոցով թշնամու 3 տանկ ոչնչացրած գյումրեցի ավագ սերժանտը պատմում է ապրիլյան ծանր օրերի մասին:
Մի երիտասարդի պատմություն
-Կատարել եմ իմ մարտական առաջադրանքը, հետ եմ մղել թշնամուն… եւ վերջ: Որ ասում են` հերոսություն ես արել, դա հերոսություն չէ: Հերոսները էն տղեքն են, որ 2 ձեռքում ավտոմատ` առաջ կանգնան պոստի վրա ու ելան թուրքի դեմ, իրանք են հերոս, որ հանուն էս հողի ընկան,-պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած գյումրեցի Շուլի Հակոբյանը ծնողներին, հարազատներին, ընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր տղային հերոս են անվանում, հակադարձում է` ես հերոս չեմ:
Հակատանկային ջոկատի առաջին հակատանկային դասակի հրամանատարի առաջին տեղակալ ավագ սերժանտ Շուլի Հակոբյանի համեստությունը չի խոսում այն մասին, որ նա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ:
-Քառօրյա պատերազմից լիքը դասեր եմ քաղել կյանքի համար, որն ապագայում հաստատ ինձ պետք կգան: Ծառայության տարիներից լավ հուշեր կան, բայց ծառայակից հարազատ ընկերներ եմ կորցրել: Իրենց արածն իսկական հերոսություն է,-ասում է գյումրեցի հերոսը՝ հիշելով, որ ապրիլի 1-իn առաջին զոհը գյումրեցի էր, իր թաղի բնակիչը՝ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանը:
-Այս պատերազմը մեզ համար անակնկալ էր: Ապրիլի 1-ի արդեն զոհ ունեինք: Մեր գյումրեցի Վլոն էր, իրար հետ էինք գնացել զինկոմ, Երեւան, Խոջալու, այնտեղից էլ` Մատաղիս,-ընկերոջ կորստի ցավն հիշելով` պատմում է Շուլին:
Շուլի Հակոբյանն ապրիլի1-ի նախօրեի երեկոյան հերթապահություն է ընդունել: Պատմում է, որ ինչ-որ գործողություններ է նկատել հակառակորդի կողմից եւ անմիջապես զեկուցել հրամանատարին:
-Տեսնում էի, որ պոլքի վրա պտտվում էին երեք մեծ անօդաչու սարքեր, բավականին բարձրության վրա: Երեք-չորս անօդաչու թռչող սարք է եղել զորամասի, Մատաղիսի եւ Թալիշի վրա: Փորձել են կրակել, բայց չեն կարողացել: Հետո հանգիստ էր: Գիշերը` 2-ի կողմերը, կրակոցների ձայներն ակտիվացան՝ խաբար է գալիս, որ Թալիշ լավ չէ, սկսել են գյուղի վրա կրակել: Առավոտյան ժամը 5-ին զորամասի հերթապահը հրաման է տալիս, որ բոլորը դուրս գան շենքերից եւ մտնեն դրսի թաքստոցները: 20 րոպե ժամանակ ունեինք դուրս գալու եւ թաքնվելու համար: Վեց անց կես առաջին սնայրադը ընկնում է զորամասի, հիդրոէլեկտրակայանի, ավտոպարկի, ճանապարների վրա եւ գետի մեջ,-պատերազմական գործողություններն է հիշում ավագ սերժանտը:
Հերոսի խոսքով` ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցները տեւել են մի քանի ժամ, դադարել են միայն առավոտյան 10-ի կողմերը: Օգտագործելով համեմատաբար հանգիստ իրավիճակը` զինվորները հրամանատարության ուղեկցությամբ բարձրացել են Թալիշի եւ Մատաղիսի պաշտպանական դիրքեր:’
-Թալիշ հասնելով` հասկացանք, որ սա սովորական բան չէ, հակառակորդը մեծաքանակ տեխնիկա, զորք է հանել: Իմանում ենք, որ մյուս պոստերում ուժեղ բոյ է գնում,-պատմում է պատերազմ ապրած 20-ամյա տղան եւ հավելում, որ միանգամից որոշվել է հակահարված տալ, հարձակման հատուկ պլան է որոշվել:
-Ապրիլի 3-ի երեկոյան ասեցին, որ 153 մարտական դիրքում ունենք երկու զոհ՝ տանկի կրակոցից: Մարտական խումբ պետք է գնար տանկերը ոչնչացնելու համար: ժամը 3-3 անց կես շարժվեցինք, որ մթնշաղոտ տեղ հասնենք: Գնում ենք դիրք, տեղավորվում ենք, դիտարկում ենք կատարում, որ գործողության անցնենք,-ավագ սերժանտ Հակոբյանը հիշում է, թե ինչպես են հաղթահարել խրամատի անհարմար դիրքերը, ինչպես որոշել, որ ինքն է բարձրանալու հենակետի վրա:
-Որոշվում է խրամատի մեջ լիցքավորում անեն, ես հելնեմ պոստի կանտովկի վրա եւ կրակեմ: Կրակելուց պետք է տանկից մի քիչ վերեւ պահես, բայց ես ուղիղ եմ պահում եւ ծուռ է ստացվում, տանկին չի կպնում: Չեմ հուսահատվում, նորից եմ բարձրանում դիրքի վրա եւ միանգամից խփում եմ այն տանկին, որի կրակոցի պատճառով զոհվել էին իմ մարտական ընկերները: 100 տոկոսանոց խոցեցի, տանկը վառվեց: Խրամատից գոռում էին՝ իջի, իջի, ես ուրախությունից ասում էի՝ խփել եմ….,-ասում է, որ հենակետի վրա ամենաբարձր կետից իջնելու ցանկություն չկար, նայել է, թե ինչպես է վառվում այն տանկը, որը խլել էր ծառայակից ընկերների կյանքը:
-Մնացած տանկերը խփելն արդեն սովորական էր դարձել մեզ համար (ժպտում է,-հեղինակ): Ես չորս կրակոցով երեք տանկ եմ խփել՝ հպարտ եմ, որ պաշտպանել եմ հայրենիքս,-պատմում է Շուլին:
Պատերազմական դաշտը, իսկապես, դաժան է եղել՝ խոստովանում է, բայց միեւնույն ժամանակ նշում՝ չեն ընկճվել: Շուլի Հակոբյանն ասում է` հաց չլինելու համար կռիվ չէին անում հրամանատարների հետ, այլ հայրենի հողը պաշտպանելու համար թշնամու դեմ էինք կռվում:
-Հիմա պատերազմ է եղել, չեն կարողացել սնունդը բերեն-հասցնեն, դա բոլորս էլ հասկանում էինք: Ինչ միջոցներով, որ պետք է բերեին-հասցնեին, տրաքցրել էին, տեխնիկա չկար: 6-7-ին սնունդ բերել` հասցվել է զորքին: Սնունդ եղել է պոստերում, վերջացել է, մի կերպ յոլա ենք գնացել: Էդ ժամանակ ուտելու մասին չէինք մտածում, որքան՝ կռվի: Ոչ մի զինվոր իր հրամանատարին չէր ասում` սոված եմ, ծարավ եմ, միայն կռվում էինք, որ թուրքը չկարողանար մեր հողին հասնել: Չենք քնել չորս օր՝ պայքարել ենք: Առյուծ էինք դարձել, ուտելուն, քնելուն ուշադրություն չէինք դարձնում՝արյուններս եռում էր: Սա էլ հայ զինվորի առանձնահատկությունն է,-հպարտությամբ եւ կրկին թշնամու դեմ դուրս գալու ցանկությամբ` պատմում է գյումրեցի տղան:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե դիրքերում հարուստների, օլիգարխների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց տղաները սահմաններ չեն հասնում` Շուլին պատասխանում է.
-Չգիտեմ ինչ պաշտոնյայի տղեք են եղել, բայց մեզ հետ ծառայել ու կռվել են: Չեմ ասում նախարարի կամ նախագահի տղա էր մեզ հետ ծառայում եւ կռվում, բայց պաշտոնավոր, հարուստ մարդկանց տղեք կային: Կռիվը, որ սկսվեց, ոչ ոք չհարցրեց` ու՞մ տղեն ես, քո հերդ որքա՞ն փող ունի, ի՞նչ մեքենա է քշում, ի՞նչ համարներով,-եզրափակում է Շուլի Հակոբյանը:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հերոսը ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալի, իսկ հայրենի քաղաքում համայնքի ոսկե հուշամեդալով նա պարգեւատրվեց: