
Լավրովը հույս ունի, որ Թուրքիայի հետ ավելի քիչ տարաձայնություններ կունենան Սիրիայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա նվազեցնել Սիրիայի հարցում ունեցած անհամաձայնությունների թիվը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն Էրդողանի` նախագահ Վլադիմիր Պուտինի անունով հղած հայտնի նամակից, նրանց միջև հեռախոսազրույցից հետո, ինչին հաջորդեց արդեն Սոչիում արտգործնախարարների մակարդակով զրույցը, դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում ընդհանուր իրադրության վրա, և ես հուսով եմ, որ այդ ամենը մեզ կօգնի առավել արդյունավետ փնտրել համատեղ մոտեցումներ սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում, որտեղ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հույս ունի, որ այսուհետ կողմերն ավելի քիչ տարաձայնություններ կունենան: