
Թերեզա Մեյը խոստացել է կյանքի կոչել ՄԲ քաղաքացիների` ԵՄ-ից դուրս գալու կամարտահայտությունը

Մեծ Բրիտանիայում պահպանողականների նոր առաջնորդ Թերեզա Մեյը հաստատել է, որ կյանքի կկոչի քաղաքացիների կամարտահայտությունը` կապված Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հունիսի 23-ին տեղի ունեցած քվեարկության հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թերեզա Մեյը նշել է, որ իրենց ապագայի հարցերի որոշաման համար քաղաքացիներին ավելի շատ վերահսկողություն կտրվի:
«Մենք պետք է վերականգնենք երկրի միասնականությունը, մեզ անհրաժեշտ է ապագայի նկատմամբ նոր դրական տեսլական: Մենք նախատեսում ենք քաղաքացիներին տալ վերահսկողություն իրենց կյանքի նկատմամբ: Այդպես մենք ավելի լավ Բրիտանիա կկառուցենք»,- հայտարարել է Մեյը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հաստատվել է որպես Պահպանողականների կուսակցության առաջնորդ: Նա հուլիսի 13-ին կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ: Մեծ Բրիտանիայում վերջին 26 տարիների ընթացքում նա կլինի առաջին կին վարչապետը: Մինչ այս, միակ կին վարչապետը եղել է «երկաթյա լեդի»-ն՝ Մարգարետ Թետչերը: