Հունվար ամսի դրությամբ՝ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 998 հազար. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի շրջանակում 2016 թվականին կատարված «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտությունը, հայտարարեց, թե 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 998 հազար (այս ցուցանիշը նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ նվազել է 14 հազարով):
«Ավելին, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ բնակչության թիվը նվազել է ևս 4000-ով: Այսինքն՝ բնակչության թիվը կազմում է 2 մլն 998 հազար մարդ»,- նշեց Աննա Հովհաննիսյանը՝ հավելելով, թե նույն տեմպերը շարունակվելու դեպքում 2017թ. ՀՀ-ում բնակչության թիվը կպակասի 16 հազարով:
Իսկ ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով՝հնարավոր է՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կազմի 3 մլն 100 հազար: «Այսօրվա իրավիճակում, հաշվի առնելով ներկայիս գործոնները, Հայաստանում 2050 թվականին դրական առումով կարող է լինել 3 մլն 100 հազար մարդ, իսկ եթե բացասականը դիտարկենք՝ 1 միլիոն 700 հազար մարդ: Բայց սա ընդամենը կանխատեսում է: Ապրիլի 2-ի կրկնության ժամանակ ամեն ինչ կարող է փոխվել մեկ ժամվա ընթացքում»,- ասաց նա:
Գ. Հայրապետյանի խոսքոով՝ 65 և ավելի տարիքի մարդիկ կազմում են բնակչության 11 %-ը, ընդ որում՝ կանանց թիվը 50%-ով գերազանցում է տղամարդկանց թվին, եւ մեր կանխատեսումներով 2050 թվականին տարեց բնակչությունը կլինի 22 %-ը՝ մոտ- 1/4-ը: Սա կազդի նաեւ տարեցների կախյալության գործակցի աճին: Այս առումով լուրջ մտահոգություն ունենք, որովհետեւ եթե 80-ականների վերջին ունեցել ենք 8/1-ի հարաբերակցությամբ գործակից, այսինքն՝ 8 աշխատող վճարում էին 1 չաշխատողի համար, այսօր այդ թիվը մոտ 4 է»: