«Չենք դադարի ցույցեր անել»

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» կարգախոսով ցույցերը պետք է շարունակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ի աջակցություն Լևոն Հայրապետյանի նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանը՝ նշելով, որ ցույցերը պետք է մշտական դարձնել: «Ես հստակ հայտարարում եմ, որ պատրաստ եմ նույնիսկ ՌԴ դեսպանատան առաջ նստացույցի»,- ասաց նա:

«Ամբողջ ցավն ու խնդիրն այս իրականության մեջ նրանում է, որ նախ՝ պետական մակարդակով, շեշտում եմ՝ պետական մակարդակով, ՀՀ վարչապետը կատարեց անպատասխանատու հայտարարություն, ասաց՝ կարող է հիմա Լևոնը չլինի, Բալաբեկը կամ Հովիկը լինի: Այդպիսի հայտարարություն անել այն մարդու մասին, ում ներդրումն Արցախ աշխարհի և Հայաստան աշխարհի մեջ ահռելի ու վիթխարի է, կարծում եմ՝ ուղղակի հումորային ժանրից է»,- ասաց Հայկազ Մակարյանը՝ նշելով, որ հայտնի փաստաբան Հենրի Ռեզնիկն արտահայտեց իր դիրքորոշումը, որ գործը, կարելի է ասել, սարքովի է. նախաքննությունը կատարվել է բազմաթիվ բացթողումներով:

Նա նշեց, որ Լևոն Հայրապետյանը 6-ից ավելի հիվանդություն ունի՝ նորագոյացություններ, շաքարային դիաբետ, սրտանոթային անբավարարություն և այլն, և նրան հակացուցված են բանտային պայմանները: Նրա խոսքով՝ բացահայտ խախտվում են համընդհանուր հռչակագրեր: «Չենք դադարի ցույցեր անել, և իմ մասով խոսեմ՝ նստացույցեր այնքան ժամանակ, մինչև այդ մարդը չլինի «Զվարթնոց» օդանավակայանում, և լրագրողներն արդեն իրեն դիմավորեն՝ որպես յուրայինի և գրկաբաց»,- ասաց նա՝ նշելով, որ մեղադրում է բոլոր պետական այն այրերին, ովքեր «ծպտուն չեն հանել», «խուլ ու համրի նման նստել են աթոռների վրա և օրերից մի օր չեն խոսել»: «Լևոն Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վահանն է, նիզակն ու սուրը: Լևոն Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ծագող արևն է: Եթե մենք ուզում ենք այդ արևը մայրամուտ մտնի, խնդրեմ՝ եկեք ձեռքներս ծալած նստենք, մեզ ավանակից չտարբերենք: Եթե ուզում ենք բումերանգի տեսքով հակառակ բանը լինի, ապա պետք է զօրուգիշեր, օրավուր, օրնիբուն պայքարի մղվենք, որ ամեն գնով կարողանանք ազատության մեջ տեսնել իրեն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս