ԻՊ-ն ահաբեկչություններ է ծրագրում Ադրբեջանում. «Միլլիեթ»
Ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը մահապարտների մասնակցությամբ նոր ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթը»՝ խմբավորումը դեպի Եվրոպա ահաբեկիչներ ուղարկելու համար նոր ուղղություն է ընտրել: Պարբերականը, հենվելով հատուկ ծառայություններում ունեցած աղբյուրների վրա, հայտնում է, որ ԻՊ-ն ահաբեկիչներին Եվրոպա է ուղարկելու Ադրբեջանի, Կիպրոսի և Վրաստանի վրայով:
Բացի այդ, «Միլլիեթ»-ը հայտնում է, որ ԻՊ-ն նոր ահաբեկչություններ է ծրագրում իրականացնել Թուրքիայում և Ադրբեջանում: Այս նպատակի համար խմբավորումն օգտագործելու է ադրբեջանցի և հյուսիսկովկասյան ծագումով անձանց: Ադրբեջանում թիրախավորվելու են ոստիկաններն ու նրանց ընտանիքների անդամները:
Թուրքական լրատվամիջոցը հավաստիացնում է, որ նման տեղեկություններ են ստացվել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչությունից հետո ողջ Թուրքիայի տարածքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում: