Բաժիններ՝

«Սույն թվականի հուլիսի 8-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ». հայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարություն է տարածել կապված հուլիսի 8-ին Շենգավիթում տեղի ունեցած կացնահարության դեպքի հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ եւ անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված է համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չկիրառման հարցում իր դերակատարում է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը:

Թագուհի Մանուկյանը բազմիցս դիմել է նաեւ ոստիկանությանը, սակայն ոստիկանության գործողությունները բավարար չեն եղել նրան բռնարարից պաշտպանելու համար: Թեեւ Շենգավիթի ոստիկանությունը ներգրավված է եղել ԵԱՀԿ կողմից ոստիկանության վերապատրաստման ծրագրերում եւ ստացել է անհրաժեշտ գիտելիքներ ընտանեկան բռնության դեպքերում ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ:

Այս ամենը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը չի կարողանում բավարար կամք դրսեւորել կանանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը պաշտպանելու համար:

Չենք կարող չանդրադառնալ նաեւ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ազդեցությանը, որը հրավիրելով Վ.Մարտիրոսյանին տաղավար եւ մարդու իրավունքների տեսանկյունից բազմաթիվ խախտումներ թույլ տալով, անտեսելով նրա բռնարար բնույթն ու բազմաթիվ հանցագործությունները, հորդորում էր միանալ կնոջ հետ, եւ կասկածելի հոգեբանի շուրթերով հիացմունք հնչեցնում բռնարար տղամարդու հասցեին:

Վստահեցնում ենք՝ եթե լիներ պատժելիության մթնոլորտ, պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ եւ դեպքերի որակյալ լուսաբանում, այլ ոչ մակերեսային եւ կարծրատիպային շոուների միջոցով բռնարար տղամարդու կերպարի գովերգում, շատ եւ շատ դեպքերում ողբերգական նմանատիպ ավարտ չէր լինի:

Դիմում ենք՝ ՀՀ արդարադատության նախարարին եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ հարուցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ:

Պահանջում ենք՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին վերանայել եւ գնահատել ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:

Հորդորում ենք՝ ՀՀ կառավարությանն «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքը, որը հնարավորություն կտա իրականացնել ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելումը եւ ապահովել ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանությունն ու աջակցությունը:

Իսկ զանգվածային լրատվության միջոցներին խորհուրդ ենք տալիս նման դաժանության դեպքերին անդրադառնալ բազմակողմանիորեն, վեր հանելով ընտանեկան բռնություն երեւույթի վտանգավորությունն ու հանրության շրջանում ամրացնել բռնության անթույլատրելիության գիտակցումը, այլ ոչ մակերեսային եւ կարծրատիպային շոուների միջոցով բռնարար տղամարդու կերպարի գովազդով զբաղվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս