Ընկերոջ 60-ամյա հորաքրոջ բռնաբարության և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի գործը վերաքննիչում է
Վերաքննիչ դատարան է բողոքարկվել 2014թ. սեպտեմբերին Գուգարք գյուղում տեղի ունեցած սպանության գործով կայացված դատավճիռը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` երիտասարդ Ա. Ղ-ն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով առաջադրված մեղադրանքներում:
Ամբաստանյալի պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջել է արդարացնել Ա. Ղ.-ին, իսկ արդարացման դատական ակտ չկայացնելու դեպքում դատավճիռը բեկանել և քրեական գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Այդ պահանջները կատարելու անհնարինության դեպքում դատական ակտը բեկանել մասնակիորեն` պատժի մասով, և նշանակել հնարավորինս մեղմ պատիժ:
2014թ. սեպտեմբերի 18-ին Գուգարք գյուղում տան ննջասենյակի հատակին հայտնաբերվել էր այդ տան բնակչուհու դին` պարանոցի շրջանում կտրած վերքերով, իսկ նրա եղբորորդին` կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:
2014թ. սեպտեմբերի 22-ին հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Ա. Ղ.-ն: Սեպտեմբերի 25-ին նրան մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը դատարանը նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի տնից 460.000 դրամ ընդհանուր արժողության մեկ հատ համակարգիչ, բջջային հեռախոս և կանացի պայուսակ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ևս մեղադրանք է առաջադրվել Ա. Ղ.-ին, գործը միացվել է քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է մեկ վարույթում:
Քննիչի որոշմամբ հետագայում Ա. Ղ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 6 հոդվածներով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապօրինաբար տիրացել է «ՈւԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենային, հափշտակել զգալի չափերով գույք:
Նրան նաև մեղադրանք է առաջսդրվել այն բանի համար, որ նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերություն ունենալ ընկերոջ հորաքրոջ հետ և տեղեկացված լինելով, որ վերջինս տանը գտնվում է միայնակ, ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ ընկերոջ հորաքրոջ հետ, սակայն վերջինս ամեն գնով դիմադրել է նրան, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել նրան` դիմել է անհրաժեշտ պաշտպանության: Այնուամենայնիվ, օգտագործելով իր ֆիզիկական առավելությունները` մեղադրյալը շարունակել է բռնի գործողությունները և վերջապես, օգտվելով կնոջ անօգնական վիճակից, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Այնուհետև նշված հանցագործությունները թաքցնելու համար, կյանքից զրկելու դիտավորությամբ՝ սուր, կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան:
Ըստ մեղադրանքի` հասկանալով, որ դրսից նկատվել է ընկերոջ ու մեկ այլ տղայի կողմից, ապա գիտակցելով, որ բացի տան մուտքի դռնից այլ կերպ չի կարող ճողոպրել, տնից վերցնելով թվով 2 խոհանոցային դանակ, կիսամերկ վիճակում, մուտքի դռնով դուրս գալով և հիշյալ դանակներից գունավոր բռնակով դանակը նետելով ընկերոջ ուղղությամբ, ցանկացել է դիմել փախուստի, բայց հանդիպելով վերջինիս կողմից փախուստը կանխելու խոչընդոտին, ձեռքին առկա մյուս` սև բռնակով խոհանոցային դանակով, ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի շրջանում և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. ընկերը դիմել է անհրաժեշտ պաշտպանության և դանակի գործադրմամբ նրան 2-3 անգամ հարվածել է, հարձակումը հետ մղել:
Ինչ է ասել ամբաստանյալը
Ըստ դատական ակտի` առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես կասկածյալ՝ հարցաքննության ժամանակ նա ցուցմունք է տվել այն մասին, որ ընկերոջ ու նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ անախորժություն չի ունեցել: Շուրջ մեկ ամիս աշխատել է Վանաձոր ավտոլվացման կետում` որպես ավտոլվացող: Դեպքի օրն առավոտյան գնացել է աշխատանքի:
Այդ օրն անձրևային եղանակի պատճառով չեն աշխատել և որոշել են ընդմիջմանն աշխատանքային ընկերներով փող հավաքել և հաց ուտել:Մոտակա խանութից գնել են մթերք, այդ թվում և՝ օղի: Ինքը հարբել է և քիչ բան է հիշում: Միայն հիշում է, որ իր ընկերը 1-2 անգամ ապտակել է իրեն, իսկ թե որտեղ, չի հիշում: Հիշում է, որ եղել է ինչ-որ օբյեկտում: Դրանից հետո իր շարժը, խոսացածը, արածները չի հիշում:
Միայն տպավորվել է, որ ինչ-որ մեկն իրեն չէր թողնում ինչ-որ տեղից դուրս գալ, թե ով էր այդ ինչ-որ մեկը, որտեղ էր ինքը, լույս էր կամ մութ, չի հիշում: Մարմնի ձախ մասում մի քանի անգամ ցավեր է զգացել, իրեն խփում էին, զգում էր արյան հոսք` «խշխշոցով», թե ով կամ ինչով էր խփում, չգիտի: Աչքերը բացել է հիվանդանոցում: Բացի նշածներից, այդ օրն իր հետ կատարված դեպքերից ոչինչ չի հիշում, քանի որ ալկոհոլից լրիվ անջատված է եղել: Խմած ժամանակ իր հետ կատարվածի վերաբերյալ շատ բաներ չի հիշում, ինչը կարող է լինել նույնիսկ մեկ բաժակ օղուց: Եթե կատարել է այն, ինչում կասկածվում է, ներողություն է խնդրում ընկերոջ ընտանիքից:
Չի հավատում, որ ինքը կարող էր մարդ սպանել, իրականում, եթե կատարել է այն արարքները, որոնցում կասկածվում է, կատարել է չգիտակցված` ալկոհոլի ազդեցության տակ, քանի որ ինքը ոչ ընկերոջ, և ոչ էլ նրա հորաքրոջ վատը չէր ցանկանա: Ընկերոջ հորաքրոջ նկատմամբ սեռական ցանկություն չի ունեցել, քանի որ նա իր մոր տարիքի հիվանդ անձնավորություն էր: Ինքը հոգեպես և ֆիզիկապես առողջ է, բացի մարմնական վնասվածքներից, այլ հիվանդություններ չունի:
Ըստ դատական ակտի` որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ Ա. Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն և ցուցմունք տվել այն մասին, որ ինքը չի հիշում, թե ինչպես են կատարվել դեպքերը, եթե այդ արարքներն ինքն է կատարել, ապա կատարել է ոչ դիտավորյալ՝ «ուղեղը եղել է անջատված», սթափ ուղեղով ինքն այդպիսի բան չէր անի:
Ինչ ցուցմունք է տվել տուժողը
Ըստ դատական ակտի` տուժողը, ով ամբաստանյալի ընկերն է եղել, ցուցմունք է տվել, որ իր հորաքույրը, ով երբևէ ամուսնացած չի եղել, ունեցել է առողջական խնդիրներ՝ կապված լսողության հետ: Քանի որ ընտանիքով զբաղվում են անասնապահությամբ, ծնողներն ամռան ամիսներին անասունները պահում են սարում, և բնակվել են այնտեղ, իսկ իր խնամքով այդ ժամանակ հիմնականում զբաղվել է հորաքույրը, ում հետ եղել է շատ լավ հարաբերությունների մեջ: Ամբաստանյալի հետ ծանոթացել է դեպքից շուրջ 5 ամիս առաջ՝ իր ընկերոջ միջոցով, որից հետո մտերմացել են: Նա մի քանի անգամ եղել է իրենց բնակարանում, որտեղ նրան հյուրասիրել են:
Ամբաստանյալին ճանաչել է՝ որպես հանգիստ բնավորության տեր անձնավորություն, սակայն խմած ժամանակ նա դարձել է անկառավարելի և դյուրագրգիռ: Իրենց տանը եղած ժամանակ ամբաստանյալի վարքում վատ բան չի նկատել, չի տեսել, որ իր հորաքրոջը վատ նայի, չնայած հորաքույրն իրեն ասել է, որ նա իր նկատմամբ «լկտի» նայվածք ունի: Ինքը, սակայն, նրա ասածին լուրջ չի վերաբերվել, մտածելով, որ նայվածքը բնականորեն այդպիսին է:
Դեպքի օրն ընկերների հետ զանգել է ամբաստանյալին, հասկացել, որ հարբած է: Ժամը 22-ի սահմաններում ինքը միայնակ գնալով իրենց տուն՝ տեսել է, որ իրենց բակի դարպասները ներսից փակված են, իսկ սովորաբար բաց են լինում: Քանի որ դարպասը ներսից փակված է եղել, ստիպված իրենց բակ է մտել հարևանությամբ բնակվող իր հորեղբոր առանձնատան բակով: Տան մուտքի մոտ` աստիճանահարթակի վրա, տեսել է նաև տղամարդու կոշիկներ, իսկ տան մուտքի դուռը բաց վիճակում է եղել: Կասկածելով, որ տուն գող է մտել, գնացել և այդ մասին ասել է հորեղբոր կնոջը, հարևաններին, զանգահարել ընկերոջը: Այնուհետև նրանց հետ վերադարձել է: Վերցնելով առանձնատան բակի սեղանի վրա դրված իր ծալովի դանակը, մոտեցել է տան մուտքի աստիճանահարթակին: Լուսամուտից նայել ու հեռուստացույցի լույսի տակ ճանաչել են Ա. Ղ.-ին:
Զայրացած նրան ձայն է տվել և պահանջել դուրս գալ տնից: Մեկ-երկու րոպե հետո բնակարանից կիսամերկ` միայն անդրավարտիքով, դուրս է եկել ամբաստանյալը` ձեռքին 2 դանակ, որոնցից մեկը` գունավոր բռնակով դանակը, նետել է իր ուղղությամբ և փորձել փախչել: Նրա փախուստը կանխելու նպատակով, ինքը նրա ձախ ձեռքից բռնել է և հարցրել, թե ինչ է անում նա այդ ժամին իրենց տանը: Նա պատասխանել է` «քեզ էի սպասում», որի ընթացքում նա աջ ձեռքում պահած սև գույնի դանակով հարվածել է իր սրտի շրջանում: Երբ նա փորձել է երկրորդ անգամ հարվածել, ինքը ձեռքին գտնվող ծալովի դանակով երկու-երեք անգամ հարվածել է ամբաստանյալի մարմնի տարբեր մասերին, սակայն նրան չի կարողացել բռնել և պահել: Ամբաստանյալին հաջողվել է փախչել: Դեպքի վայր եկած ոստիկաններից մեկի ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց: