«Հայաստանը Ռուսաստանի կողմից վերածվել է մի սև խոռոչի». Ռուբեն Մեհրաբյան

«ՆԱՏՕ-ի վեհաժողովում հստակեցում պետք է մտցվի արևելքից և հարավից եկող վտանգների դեմ դիմակայության ռազմավարության հարցում, ինչը մինչ այժմ չկար, կային միայն իրավիճակային լուծումներ, կային նաև որոշակի մշակումներ, որոնք պետք է փաստաթղթավորվեն և դառնան ղեկավար փաստաթղթեր արդեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների համար: Սա էապես կհեշտացնի նախ՝ ինքնին դիմակայության գործը, և երկրորդ՝ հստակեցում կմտնի քաղաքական կուրսում: Մեզ հատկապես հետաքրքիր է Արևելքից սպառնալիքների հարցը, այն է՝ Ռուսաստանից, որը մեզ համար նույնպես սպառնալիք է: Իսկ Արևելյան Եվրոպան, այսինքն՝ մենք, հիմա Ռուսաստանի կողմից ուղղակի վերածված ենք մի սև խոռոչի, և ժամանակին գեներալ Ֆիլիպ Բրիդլավն ասաց, որ ՆԱՏՕ-ն չունի ռազմավարություն, թե ինչ անել այն երկրների հետ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց նաև չեն մտնում Ռուսաստանի կազմի մեջ: Ես հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ այդ հստակությունը կմտնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով երեկ Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի վեհաժողովից ակնկալիքների մասին:

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն իրենց պարտավորությունները պետք է կատարեն ռազմական ծախսերի մեծացման մասով. «Այն մակարդակը, որ հիմա կա ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ, ցույց է տալիս, որ ներկայիս մարտահրավերներին դիմակայելու համար դա պարզապես անբավարար է և վտանգում է եվրոպական անվտանգությունը»:

Ռ.Մեհրաբյանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի էական տեղաշարժը դեպի արևելք պետք է դառնա արդեն քաղաքականություն՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանից եկող վտանգը կրում է նախ՝ ռազմավարական բնույթ, և ուղղակի մեկ կամ երկու օրով կամ ամսով ու տարով գուցե չսահմանափակվի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս