Հայը, ռուսը, թուրքը…

2015 թվականի նոյեմբերին Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ուղղաթիռը, որի հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին։ Ռուսաստանը, ի թիվս այլ քայլերի, տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ և արգելեց իր երկրի քաղաքացիներին զբոսաշրջության նպատակներով մեկնել Թուրքիա։

Ու մինչ մեր որոշ հայրենակիցներ հույսեր էին փայփայում, թե ուր որ է Ռուսաստանի օգնությամբ ետ կբերենք մեր պատմական հողերը` ռուս-թուրքական հարաբերությունները մտան կարգավորման փուլ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս ներողություն խնդրեց ռուսներից։ Ճիշտ է, թուրքերենի մասնագետներն ասում են, որ Էրդողանի խոսքը բառացի ներողություն չէր, սակայն դրանից իմաստը չփոխվեց. ռուսները փափկեցին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց կառավարությանը բանակցություններ սկսել թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ` առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար: Ու տեղեկացրեց, որ վերացվելու են Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության հարցում գործող սահմանափակումները։
Ինչ նշանակություն ունեն ռուս զբոսաշրջիկները Թուրքիայի համար, և ինչ վնասներ էր կրում Թուրքիան` այդ սահմանափակումներից։ Օգտվելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներից` մենք ներկայացրել ենք ռուս-թուրքական տուրիզմի պատկերը, ինչպես նաև` որոշ հետաքրքրիր տվյալներ` կապված Հայաստանից Թուրքիա այցելող զբոսաշրջիկների հետ։

Ռուսները Թուրքիայում` մինչև ռուս-թուրքական կոնֆլիկտը

Վերջին տարիներին Ռուսաստանից Թուրքիա է այցելել տարեկան միջինը 4,1 մլն զբոսաշրջիկ։ Պիկը եղել է 2014 թվականին, երբ Թուրքիա է այցելել 4 մլն 479 հազար ՌԴ քաղաքացի։ Եթե ենթադրենք, որ նրանցից յուրաքանչյուրը Թուրքիայում ծախսել է միջինը 1000 դոլար, ապա կստացվի, որ միայն ռուս զբոսաշրջիկների գծով թուրքական տնտեսություն է մտել տարեկան մոտ 4 մլրդ դոլար։ Դա բավականին լուրջ թիվ է` անգամ Թուրքիայի նման տնտեսություն ունեցող երկրի համար, որը տարեկան ընդունում է 35-36 մլն զբոսաշրջիկ։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ԱՊՀ երկրներից ժամանող զբսաշրջիկների վիճակագրությունը ներկայացնում է 1998 թվականից։ Այդ ժամանակվանից ի վեր ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա կայուն կերպով աճել է և որոշակի անկում է գրանցել միայն 2015 թվականին:

01
ՌԴ զբոսաշրջիկների կշիռը թուրքական տուրիզմի ծավալի 10-12%-ն է։ Ռուսաստանը Թուրքիայի համար զբոսաշրջության երկրորդ հիմնական աղբյուրն է` Գերմանիայից հետո։

Ավելին ասենք, Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից Թուրքիա ժամանողները պարզապես զբոսաշրջիկներ չեն, նրանց մեծ մասն առևտրականներ են։ Այսինքն` արտահանում են թուրքական ապրանքը դեպի Ռուսաստան։

Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը չափազանց կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար` տնտեսության աճի տեսանկյունից։

Ինչպես ազդեցին ռուսական պատժամիջոցները

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունն արդեն ամփոփել է 2016 թվականի հունվար-մայիսի ցուցանիշները։ Զբոսաշրջիկների հիմնական հոսքը գրանցվում է ամռան ամիսներին, իսկ հունիսի ցուցանիշները դեռ չկան։ Սակայն, չնայած դրան` տարվա առաջին 5 ամիսների թվերն ավելի քան խոսուն են։

Գծապատկեր 2-ը ցույց է տալիս, թե ինչպիսի նվազում է գրանցել ՌԴ զբոսաշրջիկների ներհոսքը հունվար-մայիս ամիսներին։

02

2014 թվականի հունվար-մայիսին Ռուսաստանից Թուրքիա էր ժամանել 1 մլն 118,5 հազար զբոսաշրջիկ։ 2015 թվականի հունվար-մայիսին (երբ ռուս-թուրքական հարաբերությունները դեռ չէին սրվել) հոսքը նվազեց 28%-ով և հասավ 801,9 հազարի։

Իսկ 2016 թվականի հունվար-մայիսին` արդեն կոնկրետ պատժամիջոցների հետևանքով, ՌԴ զբոսաշրջիկների ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,8 անգամ` հասնելով 138,2 հազարի։

Արդյունքում, ԱՊՀ երկրներից Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թվում Ռուսաստանի տեսակարար կշիռը նվազել է մինչև 8,14%-ի:

03

2014 թվականին ՌԴ զբոսաշրջիկների տեսակարար կշիռը ԱՊՀ երկրների շարքում շուրջ 36% էր։

Եթե զբոսաշրջության անկումը նույն տեմպով շարունակվեր, ապա 2016-ին ՌԴ-ից Թուրքիա ժամանող զբոսաշրջիկների թիվը չէր գերազանցի 650 հազարը (2015-ին այդ թիվը եղել է մոտ 3 մլն 650 հազար)։

Սա նշանակում է` տուրիստական ներհոսքի նվազում 3 միլիոն մարդով։ Սա էլ իր հերթին` նշանակում է` շուրջ 3 մլրդ դոլարի կորուստ (չհաշված կոմերցիոն նպատակներով կատարվող առևտուրը)։

Ինչպես երևում է, թուրքերը պատրաստ չէին նման կորուստներ կրել, մանավանդ որ, ահաբեկչության սպառնալիքի աճի ֆոնին զբոսաշրջիկների հոսքն առանց այդ էլ նվազում է։

Ու ճիշտ ժամանակին` ամառային հանգստյան սեզոնին, կես քայլ ետ կատարեցին։ Ռուս զբոսաշրջիկները Թուրքիա այցելելու սահմանափակում այլևս չեն ունենա։ Իսկ կայցելե՞ն, թե՞ ոչ` այլ հարց է։ Իհարկե, որոշ մասը սկզբունքորեն չի գնա Թուրքիա, սակայն մեծ թվով զբոսաշրջիկներ` համեմետալով թուրքական հանգստի գին-որակ հարաբերակցությունն այլ տարբերակների հետ, կրկին կպառկեն Անթալիայի ավազներին։

Իսկ հայե՞րը
Ընդհանրապես, տարեկան քանի՞ հայ զբոսաշրջիկ է ընդունում Թուրքիան։ Տարբեր հրապարակումներում հնչում են տարբեր գնահատականներ, սակայն թուրքական վիճակագրությունը տալիս է գրեթե բոլոր երկրների զբոսաշրջիկների հոսքի ցուցանիշները` ըստ երկրների և անգամ ըստ ամիսների (այս հարցում մեր վիճակագրությունը թուրքերից շատ բան ունի սովորելու)։

Ինչպես տեսնում եք, ՀՀ-ից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը 1998 թվականից ի վեր կայուն կերպով աճել է` հատուկենտ շեղումներով:

04

1998 թվականին Թուրքիան ընդունել է 15984 զբոսաշրջիկ։ 2001 թվականին հոսքը կտրուկ նվազել է` մինչև 7064 մարդ, որից հետո շարունակել է աճել։

Պիկը գրանցվել է 2011-2013թթ. ժամանակահատվածում` տարեկան ավելի քան 70 000 ՀՀ քաղաքացի է այցելել Թուրքիա։ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է ռեկորդային 73365 մարդ։

2014 թվականին Հայաստանից Թուրքիա այցելողների թիվը նվազել է 6,1%-ով և հասել 67198-ի։ Իսկ 2015-ին գրանցվել է կտրուկ անկում` 27.8%-ով կամ 18676 մարդով (հասնելով 48522-ի)։ Չի բացառվում, որ այս նվազումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։

Իսկ ինչպիսին է պատկերն այս տարի։ 2016 թվականի հունվար-մայիսին Հայաստանից Թուրքիա այցելել է 12445 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14270-ի դիմաց։

05

Հոսքը, ինչպես տեսնում եք, նվազել է, սակայն ոչ այնքան, որքան 2014/2015-ի պարագայում։ Ամեն դեպքում, եթե անկման այս տեմպը շարունակվի (10-12%-ով), ապա 2016-ի արդյունքներով Հայաստանից Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը չի գերազանցի 44 հազարը։

Տեսանյութեր

Լրահոս