Զորամասի ծառայության պետը մեղադրվում է ձկան պահածո և խտացրած կաթ յուրացնելու մեջ. պահեստապետն ու գործավարը ևս ամբաստանյալի աթոռին են հայտնվել

Դատարան է ուղարկվել ՀՀ ՊՆ N զորամասի իրային և պարենային ծառայության պետի, ծառայության պահեստապետի, թիկունքի գործավարի վերաբերյալ քրեական գործը:

ՀՀ ՊՆ N զորամասի իրային և պարենային ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2015թ. սեպտեմբերի 09-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 21-ը զորամաս գործուղված զինծառայողներին համապատասխան կարգով հասանելիք խտացրած կաթի և ձկան պահածոների լրացուցիչ չափաբաժինները չի հատկացրել, ապա 2015թ. հոկտեմբերի 21-ին իրային և պարենային ծառայության գործավարուհի Ա.Մարգարյանին հանձնարարել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ ՊՆ թիկունքի վարչությանը տրվող երրորդ եռամսյակի հաշվետվության և նշված ժամանակահատվածում զորամասի ճաշարանին սնունդ հատկացնելու վերաբերյալ վերջինիս կողմից արդեն իսկ ապրանքագրերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ գրառումներ մտցնել՝ իբր լրացուցիչ չափաքանակները հատկացվել են զորամասի ճաշարանին, ստորագրելով հաշվետվությունը, նույն օրը կեղծած ապրանքագրերի հիման վրա յուրացրել է զգալի չափերով՝ 148.725 դրամ արժողության ձկան պահածո և խտացրած կաթ:

ՀՀ ՊՆ N զորամասի իրային և պարենային ծառայության պահեստապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անձնական դրդումներով, զորամասի իրային և պարենային ծառայության պետի կողմից ՀՀ ՊՆ թիկունքի վարչությանը տրվող հաշվետվության համար կեղծ հիմքեր ստեղծելու և այդ հարցում նրան օգնելու նպատակով, 09.09.2015թ. մինչև 21.10.2015թ. ընկած ժամանակահատվածում կազմված և վերջինիս կողմից կեղծված սննդի բաշխման ապրանքագրերի հիման վրա պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աղյուսակներում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել:

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի գործավարին մեղադրանք է առաջադրվել այ բանի համար, որ նախապես տեղյակ լինելով, որ 2015թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին զորամաս գործուղված զինծառայողներին սահմանված կարգով խտացրած կաթի և ձկան պահածոների լրացուցիչ չափաքանակները չի հատկացվել, 2015թ. հոկտեմբերի 21-ին, անձնական դրդումներով, իրային և պարենային ծառայության պետի կողմից ՀՀ ՊՆ թիկունքի վարչությանը տրվող հաշվետվության համար հիմքեր ստեղծելու հարցում նրան օգնելու նպատակով, արդեն իսկ լրացված ապրանքագրերի մեջ և հաշվետվությունում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել:

Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս