Կինը հաղորդում է տվել, թե համագյուղացիներից մեկը՝ հյուրանոցում, մյուս երկուսը՝ իր տատիկի տան հետնամասում, բռնաբարել են իրեն

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման 6 ամիս ժամկետով:
Նրա նկատմամբ ընտրված սորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատավճռով թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկատվություն տալու հանգամանքը, Ոստիկանության բաժնում քրեական օրենքով նախատեսված արարքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող և ծանր հանցագործության մեջ մեղադրող հաղորդում է տվել այն մասին, որ համագյուղացիներից մեկը՝ հյուրանոցում, մյուսը՝ իր տատիկի տան հետնամասում, մյուսը՝ դարձյալ իր տատիկի տան հետնամասում, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ:

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել՝ նշելով, որ տատիկի տանը գտնվելու ժամանակ իրենց դուռը ծեծել են, ինքը դուրս է եկել ու տեսել, որ համագյուղացիներից մեկն է: Նա զանգել է իր տատիկի բջջային հեռախոսին և անհանգստացրել իրենց, ինքը բջջային հեռախոս այդ ժամանակ չի ունեցել: Իր տատիկը այդ մասին պատմել է իր հորը, որից հետո նա գնացել է Ոստիկանություն: Երբ Ոստիկանության աշխատակիցները եկել են իրենց տուն, ինքը որևէ բան չի պատմել: Ինքը ներկայումս զգում է, որ սխալ է թույլ տվել: Տղաներից մեկն իրեն սպառնացել էր, որ նկարներ ունի, կտարածի գյուղում, դրա համար ինքը տատիկի տնից դուրս է եկել, վերջինս իր ուզածն արել ու հեռացել է, իսկ ինքը ցանկություն չի ունեցել: Տնից դուրս գալուց հետո նրան խնդրել է հեռանալ, սակայն նա ասել է, որ գնան ուրիշ տեղ խոսեն: Հեռացել են իր տատիկի տան հետնամաս, զրուցելու ժամանակ երիտասարդն իրեն անընդհատ քաշել է իր կողմ, իր խալաթը հանել, գցել գետնին, իրեն պառկեցրել, ուզածն արել ու հեռացել: Իրեն զանգել է հաճախ, սակայն ինքը դուրս չի եկել, այդ անգամ սխալվել է ու դուրս եկել: Տղան իր շորերը հարկադրաբար է հանել, ինքը երկու անգամ գոռացել է, խփել է նրան: Ոստիկանությունում երկու անգամ բացատրություն է տվել, միշտ նույնն է ասել ինքը: Ինքը չէր ուզում դառնալ տղայի թշնամին, դրա համար հաջորդ օրը չի գնացել Ոստիկանություն: Ինքն իրեն մեղավոր է համարում մյուս երկու տղաների վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար, իսկ մյուսն իրեն բռնաբարել է: Երկու տղաների հետ սեռական հարաբերություն ունեցել է իր կամքով:

Գործով տուժողներից մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալի հետ սեռական հարաբերությունը եղել է իրենց երկուսի կամքով: Նրանք սեռական հարաբերություն ունեցել են մեկ անգամ` հյուրանոցում:
Գործով մյուս տուժողը, ըստ դատական ակտի, ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն իսկապես սեռական հարաբերություն ունեցել է տուժողի հետ, սակայն ոչ այնպես, ինչպես նա է նկարագրում: Նա իրեն զանգահարել է և ասել, որ, երբ տատիկը քնի, թող գա: Ինքը գնացել է նրա մոտ, ու նրանք սեռական հարաբերություն են ունեցել: Չի հիշում, թե ինչ նկարների մասին է խոսքը:
Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Տեսանյութեր

Լրահոս