
Ռուսաստանից Թուրքիա չարտերային չվերթերը հետաձգվում են անորոշ ժամանակով

Հակառակ հուլիսի 7-ից Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումների վերսկսման պլանների՝ երեկ դրանք այդպես էլ չեն վերսկսվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Տուրինդուստրիայի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Ռուսաստանի կառավարությունը նման չվերթերի արգելքը չեղյալ հայտարարելու մասին վճիռ դեռ չի արձակել:
«Հենց հայտնի դարձավ այն մասին, որ մենք հաշտվել ենք Թուրքիայի հետ, ավիաընկերությունները անմիջապես «Ռոսավիացիային» հարցումներ ուղարկեցին չվերթերի իրականացման համար: Ու կարող եք չկասկածել, որ հենց որ կառավարությունը համապատասխան վճիռ կարձակի, «Ռոսավիացիան» առավելագույնս կարճ ժամկետներում կիրականացնի բոլոր անհրաժեշտ ձևակերպումները»,- բացատրել է Տյուրինան:
Ռուս զբոսաշրջիկները սկսել են թուրքական զբոսավայրի ուղեգրեր գնել, հենց Ռուսաստանը հանեց Թուրքիա տուրերի վրա դրված արգելքը:
Ներկայում Անատոլիայի զբոսավայրեր հնարավոր է հասնել 4 ավիաընկերության կանոնավոր չվերթերով: