
Արծվիկ Մինասյանը՝ ավիատոմսերի գները շեշտակի բարձրացման մասին

Ծառայությունների մատուցման և հատկապես ավիափոխադրումների ոլորտում սպառողների և ծառայություն մատուցողների շահերի պաշտպանության առումով Հայաստանը լուրջ վերանայումների կարիք ունի: Հուլիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, մասնավորապես այն հարցին, որ ավիատոմսերի գները շեշտակի բարձրացել են: «Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, սա մտահոգիչ է` նկատի առնելով հանգամանքը, որ էկոնոմիկայի նախարարությունը կարճ ժամանակ է, որ ստանձնել է այդ գործառույթը: Մենք թե կարողությունների հզորացման, թե համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա էկոնոմիկայի նախարարության և տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովի, ինչպես նաև այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու իմաստով անելիքներ կան: «Պետք է ասել, որ սա խնդիր է նաև միջազգային փորձառության տեսանկյունից: Նույնիսկ զարգացած երկրները ավիափոխադրումների ոլորտում բախվում են թաքնված դեմպինգային գործողությունների, որի հետևանքը լինում են կա՛մ սպառողների իրավունքների խախտումները, կա՛մ շուկայում մրցակցային վիճակի խաթարումը»,- նշեց Ա. Մինասյանը: