Երևանում այսօր կացնահարված հայրն ու դուստրը վերակենդանացման բաժանմունքում են. դուստրը միացված է արհեստական շնչառության ապարատին
Շենգավիթում այսօր կացնի հարվածներից վիրավորված Թագուհի և Վաչագան Մանսուրյանների վիճակը գնահատվում է կայուն ծանր: «Էրեբունի» բժշկական կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ նրանք ստացել են գանգուղեղային, ինչպես նաև տարբեր այլ վնասվածքներ մարմնի տարբեր մասերին: Այժմ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, վիրահատվել են, Թագուհի Մանսուրյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, իսկ նրա հայրն ինքնուրույն է շնչում:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2016թ. հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի, և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյաններ՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2016թ. հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ և այլ առարկաներ: