
Հայ գործարարները կֆինանսավորեն ապրիլին ԼՂՀ-ում ավերված 10 տների կառուցման աշխատանքները

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կֆինանսավորի Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ավերված 10 տների կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Մեր խորհրդի նիստից հետո որոշվեց, որ տարվա ծրագիրը լինելու է Լեռնային Ղարաբաղում ավերված տների վերականգնումը: Ըստ հաշվարկների յուրաքանչյուր ավերված տունը կարժենա 25 մլն դրամ: Պատերազմի հետևանքով վնասվել է 200 տուն, որից 80-ը հիմնահատակ ավերվել է: Այսինքն` այդ 80-ի դեպքում նորը պետք է կառուցվի, մնացածը վերանորոգվելու են: Հիմա միությունն իր վրա է վերցնում 10 տների կառուցման աշխատանքների ծախսը»,- ասաց Արսեն Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ այդ գումարները կհատկացվեն, որ տները կառուցվեն և մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները: