
Օբաման կոչ է արել Արևմուտքին շարունակել պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Արևմուտքին շարունակել պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել Մինսկի պայմանավորվածությունները:
Այս մասին Օբաման գրել է Financial Times-ի համար գրված իր հոդվածում, որը նվիրված է եղել ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին:
«Չնայած այն բանին, որ մեր երկրները բաց են Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերությունների առաջ, անհրաժեշտ է համաձայնել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան ամբողջությամբ չի իրականացրել մինսկյան համաձայնագրերի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»,- գրել է Օբաման հոդվածում:
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕի ներկայիս գագաթաժողովը կարևորագույնն է Սառը պատերազմի ավարտից ի վեր, քանի որ Արևմուտքը բախվել է մի շարք մարտահրավերների, որոնց թվում են ծայրահեղականների հարձակումները, ռազմական հակամարտությունները, միգրացիոն ճգնաժամը, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:
Նրա կարծիքով՝ «ագրեսիվ» Ռուսաստանը «սպառնալիքի տակ է դնում միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի տեսլականը»:
Դրա հետ կապված՝ Օբաման կոչ է արել Արևմուտքին միավորվել, առաջին հերթին, դա վերաբերում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Բրիտանիայի հետ սերտ համագործակցությանը: