
Վրաստանն ԱՄՆի հետ երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին հուշագիր կստորագրի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մեկօրյա այցի շրջանակում կստորագրվի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման մասին հուշագիր: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
«Այդ հուշագիրը ստորագրվելու է ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովից երկու օր առաջ: Դեռ ես չեմ կարող խոսել այդ հուշագրի մասին, սակայն նրա նախապատրաստման համար շատ ջանքեր են ներդրվել, և շուտով ողջ Վրաստանը կիմանա այդ հուշագրի մասին»,- ասել է Խիդաշելին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարն արդեն Վրաստանում է: Քերիի այցը կրում է պաշտոնական բնույթ, նա Վրաստանից կհեռանա վաղը: Վրացական հեռուստատեսությունը հայտնում է, որ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ:
Քերին կմասնակցի Վրաստան-ԱՄՆ ռազմավարական Խարտիայի լիագումար նիստին, այնուհետ կհանդիպի Վրաստանի վարչապետի, նախագահի, իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Նախատեսվում է նաև նրա և Վրաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը:
Վրաստանի իշխանությունները Քերիի այցը հատկապես կարևորում են հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին: