«Մեծ պատերազմ չեմ ակնկալում, բայց ինչ-որ գործողություներ կլինեն». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լուրջ փոփոխություն չի ակնկալում Փարիզում Ալիև-Սարգսյան սպասվող հանդիպումից: «Մինսկի խումբը փորձում է կազմակերպել երրորդ հանդիպումը, բայց չեմ կարծում, որ դա հեշտ կլինի, քանի որ պարզ չէ, թե կողմերը ինչի շուրջ են զրուցելու: Սակայն այս հանդիպումները կարևոր են և պետք են, առանց այդ հանդիպումների չեն կարող ինչ-որ զարգացումներ տեղի ունենալ: Դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի ցանկանում լա րվածություն ստեղծել սահմանում: Մեծ պատերազմ չեմ ակնկալում, բայց ինչ-որ գործողություներ կլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Իսկանդարյանը:
Նրա դիտարկմամբ՝ կողմերի միջև բանակցություններում գաղտնի հատվածները նորմալ երևույթ են. «Հակամարտող կողմերը և Մինսկի խումբը երբեք, ոչ մի դեպքում չեն հայտնում, թե ինչ է քննարկվել: Միշտ ասվում է, որ հանդիպումներում առաջընթաց կա: Այլ հարց է, որ այնքան էլ դժվար չի կռահել, թե ինչ է այնտեղ կատարվում: Օրինակ` պարոն Ալիևը չի կարող հայտարարել, որ Ղարաբաղին կտրվի կարգավիճակ` Ադրբեջանից անկախ: Նա չի կարող իր երկրում նման բան հայտարարել»: