
«Մենք շարունակելու ենք վտանգի դեպքում որոշումներ կայացնել»

Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ձևավորելու համաձայնագրի վերաբերյալ արձագանքներն ավելի շատ զգացմունքային բնույթ են կրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ այդ համաձայնագրի վերաբերյալ որևէ օբյեկտիվ մեկնաբանության ինքը չի հանդիպել:
«Իսկ իրականությունը ճիշտ հակառակն է: Իրականությունը հետևյալն է՝ այսօր մենք ունենք հակաօդային պաշտպանության համակարգ: Դա հայկական հակաօդային պաշտպանության համակարգն է, որի մեջ ներառվում է անհրաժեշտ հզորություններ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Այդ համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն ամրապնդելու նոր հնարավորություններ: Հայաստանը հնարավորություն է ստանում անհրաժեշտության դեպքում օգտագործել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության համակարգերը»,- ասաց Խ. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության ռազմական պատասխանատվությունը չի վերանում: «Մենք շարունակելու ենք վտանգի դեպքում որոշումներ կայացնել՝ օգտագործելով սեփական, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված միջոցները: Սա է ամբողջ իմաստը: Հարց է առաջանում՝ օգտվե՞լ Հայաստանի օդային տարածքն էլ ավելի անվտանգ դարձնելու այս հնարավորությունից: Անշուշտ, այո: Արդյո՞ք այս հավելյալ կարողությունները չեն մեծացնի մեր ուժերով Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի անվտանգության ապահովման հնարավորությունները: Անշուշտ, մեծացնում են, որովհետև մենք հնարավորություն ենք ունենում հավելյալ ռեսուրսներ դնել արդեն Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի պաշտպանության համար: Սա է համաձայնագրի ողջ իմաստը: Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այսպիսի համակարգերի մեջ մտնելու ճանապարհով՝ պահպանելով սեփական պատասխանատու դերակատարումը»,- ասաց պատգամավորը: