
Լուկաշենկոն առաջարկել է ԱՄՆ-ին նորմալացնել հարաբերությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՄՆ գործերում ժամանակավոր հավատարմատար Սքոթ Ռոլանդի հետ հանդիպմանը առաջարկել է նորմալացնել հարաբերությունները փոխշահավետ պայմաններով, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
«Մենք երբեք չենք թաքցրել այն փաստը, որ առանց Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նորմալացման չենք ունենա լիարժեք արտաքին քաղաքականություն: Մենք չենք թաքցնում, որ շատ կցանկանայինք կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ փոխշահավետ պայմաններով»,- հայտարարել է Լուկաշենկոն Սքոթ Ռոլանդի հետ հանդիպմանը:
Լուկաշենկոն նշել է, որ Մինսկի և Վաշինգտոնի միջև կապերը բարելավվել են:
«Ասել, թե մեր պետությունների հարաբերությունների միջև ամեն ինչ լավ է, հավանաբար, կլինի այնքան էլ ոչ անկեղծ անգամ դիվանագիտորեն: Սակայն այն, որ հիմա ավելի լավ է, քան նախկինում էր, և որ մենք շարժվում ենք նորմալ, ճիշտ ուղղությամբ, հավանաբար, դուք չեք ժխտի: Միացյալ Նահանգների ղեկավարության բարի կամքով մենք շատ բան կարող ենք անել մոտ ապագայում»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Մինսկի որոշակի պարտավորություններ ունի իր հարևանների առաջ, կա շատ սերտ համագործակցություն Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ: «Նրանք մեր ռազմավարական դաշնակիցներն են, գործընկերները, մենք նրանց հետ կնքել ենք որոշակի համաձայնագրեր»,- ասել է Բելառուսի նախագահը՝ միաժամանակ ընդգծելով, որ իր երկիրը ոչ մի պետության առաջ չունի պարտավորություն, որը կհակասեր ԱՄՆ-ի հետ համագործակցությանը: