«Ռուսաստանն ու Թուրքիան հավատարիմ չեն մնա իրական հավատարմությանը». Վարդան Բոստանջյան
«Այդ 2 մեծ երկրները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, նախորդ օրը շնչահեղձ, իրար հետ վիրավորանքներ էին փոխանակում, հիմա 5 րոպե պակաս, շուտափույթ բարեկամանում են: Ինչպես մյուս երկրները, մենք էլ եկեք ողջունենք, որ իրար հետ խաղաղ հարաբերություններ ունենան: Բայց ես չեմ ուզում հավատալ, որ կողմերը հավատարիմ կմնան իրական հավատարմությանը: Նորից կլինի այն, ինչ պատմականորեն եղել է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը:
Ըստ նրա՝ դա որոշակի բացասական ազդեցություն կունենա Հայաստանի համար: Հարցին՝ արդյոք այսքան ժամանակ՝ թուրքական ապրանքների էմբարգոյի պայմաններում, Հայաստանը կարողացե՞լ էր օգտվել ստեղծված հնարավորություններից, Վ.Բոստանջյանը պատասխանեց.
«Մենք չենք կարողացել օգտվել, և այսօր էլ չէինք կարող, որովհետև դա պայմանավորված է մի հանգամանքով, որ 7 ամիսը շատ քիչ ժամանակաշրջան է, որ գոնե տնտեսական հարաբերությունների առումով Հայաստանը կարողանար հասցնել այն բոլոր հարցերը, որ իրականացնում էր թուրքական կողմը, այդ շուկաները, գործառույթները վերցնեին: Դա դժվար պրոցես էր, առավել ևս, որ Հայաստանը դեռ պատրաստ չէր դրան, նաև ժամանակը չափազանց փոքր էր: Կարելի է ասել, որ մենք դեռևս ցանկալի ձևով չօգտվեցինք և չէինք կարող շարունակականություն սպասել: Եվ դա երևաց ռուս-թուրքական հարաբերությունների՝ նորմալացման հուն մտնելով»: