«Ռուսաստանը չի վազել և ամեն ինչ բացել Թուրքիայի առաջ». Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դեռ ոչ մի որոշում չի կայացվել թուրքական բանջարեղենների մատակարարումների վերսկսման վերաբերյալ, հարցը քննարկվելու է Անկարայի հետ, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանն «անհապաղ վազել ու ամեն ինչ բացել է»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մերձմոսկվայում, որտեղ Մեդվեդևն այցելել էր «Մատվեևսկոյե» ջերմոցային համալիր, որտեղ աճեցվում են վարունգ և պոմիդոր, մտավախություն էին հայտնել, թե թուրքական պոմիդորները դարձյալ դուրս կմղեն շուկայից ռուսական արտադրանքը:
«Ոչ մի որոշում չենք կայացրել, կքննարկենք թուրք գործընկերների հետ, սակայն դա չի նշանակում, թե մենք անհապաղ վազել ենք և ամեն ինչ բացել: Որոշում կայացվել է միայն զբոսաշրջային երթուղիների հարցով»,- ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսությանը:
Ռուսաստանը 2016թ. հունվարի 1-ից արգելել է Թուրքիայից ներկրել որոշ մրգեր և բանջարեղեններ, ինչպես նաև հավի և հնդկահավի միս: