
Լատվիայում տասնյակ օտարերկրացիների զրկել են բնակության թույլտվությունից

Լատվիայի Անվտանգության ոստիկանության ստուգումների արդյունքում մի քանի տասնյակ օտարերկրացիներ զրկվել են բնակության թույլտվությունից: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Ռիխարդ Կոզլովսկիսը:
«Նրանց թույլտվության երկարաձգումը կամ մերժել են, կամ էլ ամբողջությամբ անվավեր ճանաչել»,- հայտարարել է Կոզլովսկիսը:
ՆԳՆ ղեկավարը չի մանրամասնել, թե որ երկրների քաղաքացիներն են զրկվել բնակության իրավունքից և ինչ պատճառներով: Բնակության թույլտվություն ունեցողների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են:
Լատվիայում գործում է ծրագիր, որով օտարերկրացիները կարող են բնակության իրավունք ձեռք բերել անշարժ գույքի գնման և ներդրումային բիզնեսի դիմաց: Նախկինում այս ծրագրից օգտվում էին հազարավոր մարդիկ, իսկ հիմա նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով մի քանի տասնյակի: