ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Անդրեյ Պիոնտկովսկու պատճառով խուզարկություններ է սկսել «Էխո Մոսկվի» ռադիոկայանում
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունից առգրավվում է լրագրողների և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկու նամակագրությունը, հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Twiiter-ի իր միկրոբլոգում:
Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունները հարցաքննության են կանչել կայքի գլխավոր խմբագիր Վիտալի Ռուվինսկուն:
«Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեևը հայտնել է Interfax-ին, որ հարցաքննության է կանչվել կայքի միանգամից երկու աշխատակից: Երկրորդի անունը նա չի հայտնել:
«Այսօր առավոտյան խմբագրություն եկավ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մի քանի աշխատակից, մոտ 7 մարդ, այդ թվում՝ հատուկ կարևորագույն գործերով քննիչը և հայտնեց, որ հետաքննում են քրեական գործը, որը կապված է հրապարակախոս Պիոնտկովսկու բլոգի հրապարակումների հետ»,- գործակալությունը մեջբերել է Վարֆոլոմեևի խոսքերը:
Խուզարկությունները տևել են մոտ 2 ժամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 76-ամյա հրապարակախոսի փաստաբան Մարկ Ֆեյգինը տեղեկացրել էր, որ վերջինս հեռացել է Ռուսաստանից՝ վախենալով ռադիոկայանի կայքում հրապարակված հոդվածի պատճառով քրեական հետապնդումից:
«Ռումբ, որը պատրաստ է պայթել» հոդվածում, որը հրապարակվել էր հունվարի 23-ին, պատմվում է դաշնային իշխանության ու չեչեն ղեկավարության ու հասարակության հարաբերությունների մասին:
Նյութի հրապարակումից հետո՝ հունվարի 28-ին, Պետդումայի անվտանգության ու կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի ղեկավար Իրինա Յարովայան Գլխավոր դատախազություն էր ուղարկել հարցում նյութում ծայրահեղականության առկայությունը ստուգելու վերաբերյալ:
Անձամբ Անդրեյ Պիոնտկովսկին Twitter-ում գրել էր, թե մտավախություն ունի իր կյանքի համար:
«Քննչական կոմիտեն ու դատախազությունը կրծում են իրար 76-ամյա մարդուն սպանելու իրավունքի համար: Պետդուման հանձնարարել է իմ ոչնչացումը Քննչական կոմիտեին, սակայն դատախազությունն արդեն իմ գործն ուղարկել է Անվտանգության դաշնային ծառայություն»,- գրել է հրապարակախոսը փետրվարի 19-ին: