Բաժիններ՝

Բրիտանիայի խորհրդարանում կոչ են արել ավելացնել ռազմական պոտենցիալը Ռուսաստանից եկող սպառնալիքի պատճառով

Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն զեկույց է հրապարակել, որտեղ ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն ու ՆԱՏՕ-ն պետք է ունենան բավականաչափ ռազմական պոտենցիալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում զսպեն Ռուսաստանի կողմից եկող ագրեսիան, հայտնում է BBC-ն:

Ինչպես նշվում է 58-էջանոց փաստաթղթում, Ղրիմի բռնակցումն ու Ռուսաստանի զինված ներխուժումը արևելյան Ուկրաինայի տարածք դարձել են լրջագույն սպառնալիք Եվրոպայում կայունության համար:

Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում Մոսկվան մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է վտանգավոր վարքագիծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի նկատմամբ: Մասնավորապես, ռուսական ռազմական ինքնաթիռները պարբերաբար վտանգավոր կերպով մոտեցել են դաշինքի երկրների օդային տիրույթին:

Բրիտանացի ռազմական փորձագետների տվյալներով՝ Ռուսաստանը ի վիճակի է 48 ժամում մոբիլիզացնել մինչև 13 հազար զինծառայողի, իսկ երկու օրում՝ ևս 30 հազարի:

Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, թեև թուլացրել են ռուսական տնտեսությունը, սակայն չեն կարողացել զսպել Մոսկվայի ռազմական պլանները:

Փորձագետները նաև ընդգծում են, որ Ռուսաստանը շարունակում է ռազմական և քաղաքական միջամտությունը սիրիական հակամարտությանը և մտադիր չէ դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը:
«Այսօր Ռուսաստանի և Բրիտանիայի միջև երկխոսությունը շատ է դժվարացել: Մեր տվյալով՝ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են ամենացածր կետին»,- ասվում է փաստաթղթում:

Միաժամանակ, փորձագետները նշում են, որ նման իրավիճակը պետք է փոխվի, և որ Լոնդոնին անհրաժեշտ է ցուցաբերել ցանկություն՝ կառուցողական երկխոսություն հաստատել Մոսկվայի հետ:

Մայիսին Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայլք Ֆելոնը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքների, ՆԱՏՕ-ն այս տարի կսկսի ձևավորել այսպես կոչված Բարձր պատրաստակամության միացյալ ուժերը (Very High Readiness Joint Task Force):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս