
«Հենրիխ Մխիթարյանը հսկայական ազդեցություն կգործի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա»

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է գերմանական ակումբի մյուս նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: Գյունդողանը միանշանակ հավանություն է տվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի որոշմանը:
«Հենրիխը խաղաց «Բորուսիայում» 3 տարի: Եթե ազնիվ լինեմ, ապա առաջին 2 մրցաշրջանները հեշտ չէին նրա համար: Նա ֆուտբոլիստ է, ում անհրաժեշտ է վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Նրան պետք է միշտ խաղալ, ինքնահաստատվել և միշտ դառնալ ավելի լավը: «Բորուսիան» այն ժամանակ հաջող չէր խաղում, և ադապտացիան Հենրիխին հեշտ չէր տրվում: Նա որոշ պրոբլեմներ ուներ: Սակայն անցած մրցաշրջանում Հենրիխն անհավանական խաղ ցուցադրեց:
Հնարավոր է, Մխիթարյանը վերջին մրցաշրջանում «Բորուսիայի» ամենակարևոր ֆուտբոլիստն էր, և, եթե նա շարունակի նույն ոգով, ապա հսկայական ազդեցություն կգործի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա: Ես նրան ցանկանում եմ առողջություն և ամենայն բարիք»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Four Four Two-ն:
Գյունդողանն այս ամառ տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը