Բաժիններ՝

«Չեմ հավատում, որ նրանք զոհվել են, ընդունում եմ, որ նրանք ժամկետային զինծառայողների նման զորացրվել են տուն…». գումարտակի շտաբի պետ

Գառնիկ Գրիգորյանը Մարտակերտում տեղակայված N զորամասի 2-րդ գումարտակի շտաբի պետն է՝ մայորի զինվորական կոչումով եւ, բնականաբար, այս տարվա ապրիլյան հերոսամարտերի մասնակիցը, թշնամուն մեր սահմաններից հետ շպրտած քաջամարտիկներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, որը տեղ ի ունեցավ թիվ 116 մարտական հենակետում՝ ապրիլյան հերոսամարտի վայրերից մեկում, Հայոց բանակի սպան կարծիք հայտնեց, որ թշնամու լռությունն այսօր առավելապես կապված է հայ զինվորի ցուցադրած ոգեղեն ուժի, հերոսական մաքառման հետ, որքան էլ որ մեծ դեր ունենան քաղաքական գործընթացները:

«Ես 9 տարի ծառայությունս անցկացրել եմ սահմանապահ մարտական հենակետերում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչեւ գումարտակի շտաբի պետի պաշտոնին: Այդ ընթացքում շատ անգամ է եղել, երբ առնչվել եմ թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցումների փորձը հետ մղելուն, նրա հետ բախվելուն, որոնց գումարվեցին նաեւ ապրիլյան հերոսամարտերը: Այդ տարիներին, որքան հասցրել եմ ճանաչել թշնամուն, հասկացել եմ, որ նա ճողոպրում է ուժ տեսնելիս եւ լռում, քանի դեռ նոր ուժ չի հավաքել:

Ես այդ ողջ ընթացքում տեսել եմ միայն մեր առջեւից փախչող թշնամուն, դեռեւս նրան դեմառդեմ, ամուր կանգնած չեմ տեսել: Այս պատերազմում, հաշվարկելով իր քանակական ու զինտեխնիկայի առավելությունները, թշնամին կանխատեսել էր մեր բանակի կայծակնային պարտությունը: Բայց այն, ինչ նրան ցույց տվեց հայ զինվորը, վեր էր ամեն երեւակայությունից: Այդ ոգու առաջ է հակառակորդն ընկրկել, այդ ոգու նոր զարկերից է նա սարսափած: Ոհմակի նման նա գրոհեց, բայց մեր 18-20 տարեկան զինվորներից սոսկալի ջարդ կերած՝ հետ փախավ: Իսկ մենք շարունակումն ենք ամուր մնալ մեր դիրքերում: Այսուհետև էլ պատրաստ ենք լինելու ցանկացած գրոհը հետ մղելուն, հարկ եղած դեպքում՝ իր իսկ որջում նրան ծնկի բերելուն»,-նշեց Գառնիկ Գրիգորյանը:

Հայոց բանակի սպային առավել հպարտություն են ներշնչել 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերվա եւ հաջորդ ցերեկվա ընթացքում թիվ 116 դիրքում մղված հերոսամարտերը, երբ մի բուռ հայ քաջեր կյանքի ու արյան գնով կանգնեցրել են արդիական ու մահաբեր հզոր զինատեսակներով զինված հարյուրավոր ասկյարների: Բառերով անհնար է նկարագրել մեր զոհված ծառայակից ընկերներ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի, մյուս մարտիկների սխրանքները: Եվ ես չեմ համարում, չեմ հավատում, թե նրանք զոհվել են, այլ ընդունում եմ, որ նրանք ժամկետային զինծառայողների նման զորացրվել են տուն եւ իրենց ոգեղեն անուններով շատերին կոգեշնչեն հայրենի հողի պաշտպանության սուրբ գործում»,- ասաց գումարտակի շտաբի պետը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս