
«Հավ գնելուց առաջ ստուգեք անձեռոցիկով». Միլետա Արեստակեսյան

Հուլիս ամսին արդեն իսկ որոշվելու են ստուգող մարմինների մուտքի խոչընդոտման դեպքում սահմանվող տուգանքի չափերը, այն դեպքում, երբ մինչ այժմ մուտքի խոչընդոտման համար ընկերությունները գրեթե չեն տուգանվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը:
Նրա խոսքով՝ կան սնունդ արտադրող շատ ընկերություններ, որոնց համար տուգանքները որևէ բան չեն նշանակում. «Սահմանված պատժաչափերը շատ դեպքերում ուղղակի կարգազանց արտադրողի ծիծաղն են առաջացնում»:
Խոսելով տեղական հավի արտադրանքի մասին՝ Մ. Արիստակեսյանը նշեց, որ շուկայում խախտումները բազմաթիվ են. «Բոլորս ենք տեսել, թե ինչպես են հավերի փաթեթավորման վրա մի քանի պիտակ փակցնում: Պոկում ես մեկը, դրա տակ տեսնում մյուսը՝ հին ամսաթվով: Բացի այդ, հավերին ներարկում են ջուր պահող նյութեր, որը տանը՝ լվանալուց հետո, ուղղակի դուրս է գալիս, հավը չափերով զգալի փոքրանում է: Ինչ վերաբերում է հավերի կերերին, ապա դրանց մեջ կան գենափոխված եգիպտացորենի հատիկներ: Սա իրենից լուրջ խնդիր է ներկայացնում»:
Մ. Արիստակեսյանը կոչ է անում հավ գնելուց առաջ ստուգում անցկացնել անձեռոցիկով. եթե անձեռոցիկը հավին հպելուց հետո վարդագույն երանգ ստանա, ուրեմն՝ այն հոտազերծելու համար կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) լուծույթ է օգտագործվել: