Պավել Մանուկյանի եղբայրը 2 ամսով կալանավորվեց
Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված Թաթուլ Մանուկյանն այսօր ղատարանի որոշմամբ կալանավորվել է: Ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբոր պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Թաթուլ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ կայացված որոշումն անհիմն է:
Գիվի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ թեև Թաթուլ Մանուկյանի բնակարանում խուզարկությունը կատարվել է Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում, սակայն Թաթուլ Մանուկյանի մասով գործն անջատվել է. նախաքննական մարմինը գտել է, որ Թաթուլ Մանուկյանը մյուս գործի հետ առնչություն չունի:
Թաթուլ Մանուկյանինն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նրա բնակարանից փամփուշտներ են հայտնաբերվել: Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ Թաթուլ Մանուկյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը: