
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. նախարարին զեկուցվեց Լարսում կատարվող աշխատանքների մասին

Հուլիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 260 դեպքի:
Նախարարին զեկուցվեց հունիսի 30-ից հուլիսի 1-ը 6 հատուկ չվերթներով ՀՀ 289 քաղաքացու ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Հայաստան տեղափոխման մասին: Վ. Գաբրիելյանը նշեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այդ օրերին շուրջօրյա հերթապահություն են իրականացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական ծառայության, հոգեբանական ծառայության և լրատվական ծառայության ներկայացուցիչները: Այս պահին ճանապարհը փակ է, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա, Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզված է, սահմանային անցակետում են դեռևս 120 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա: Վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն:
Նախարար Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց լավ ծառայության համար և առաջարկեց արժանի աշխատակիցներին նեկայացնել խրախուսման:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 36.000 կրակոց: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ՝ հիմնականում երեկոյան ժամերին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։
Նախարար Երիցյանը հայտնեց, որ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների ջանքերով Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար ձեռք է բերվել երկու ՈւԱԶ մակնիշի մեքենա, որը մոտ օրերս կտեղափոխվի ԼՂՀ։