«Սահմանադրությունը պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին և ապահովի պետության կայուն զարգացումը»

Յուրաքանչյուր պետության հիմքը Սահմանադրությունն է, որը հնարավորություն է տալիս ապահովել պետության կայուն զարգացումը. Սահմանադրության օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ, ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչության պետ Բագրատ Ղազինյանը: «Գաղտնիք չէ, որ Սահամնադրությունը իրենից ներկայացնում է ոչ հասարակ իրավական ակտ, այսինքն՝ այնտեղ պարունակվում են այն հինարարար սահմանադրական արժեքները, որոնց վրա խարսխվում է պետությունը: Այնտեղ ամրագրված են պետության խորհրդանիշերը, լեզուն, պետական իշխանության կայացման հիմքերը: Ոչ պակաս նշանակություն ունեն մարդու և քաղաքացու իրավունքների վերաբերյալ դրույթները: Սահմանադրությամբ ամրագրված մոդելով է կառուցվում յուրաքանչյուր պետության պետական իշխանության համակարգը»,- նշեց Ղազինյանը:

Անդրադառնալով 2015 թ. սահմանադրական բարեփոխումներին՝ Ղազինյանն ընդգծեց, որ միայն փաստաթուղթը շատ քիչ է իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելու համար:

«Կարծում եմ, նորություն չի լինի, եթե ասեմ, որ ինչպես պետությունը, այնպես էլ հասարակական հարաբերությունները իրենց տեղում չեն մնում, Սահմանադրությունը պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին և ապահովի պետության կայուն զարգացումը: Սա էր այն գաղափարական մոտեցումը, որ ընկած էր սահմանադրական բարեփոխումների հիմքում: Ես կցանկանայի առանձնացնել 2015 թ. սահմանադրական բարեփոխումները, որոնք աննախադեպ են Հայաստանի սահմանադրական զարգացման պատմության մեջ, որովհետև որակապես նոր տեսք ստացավ մեր Սահմանադրությունը»,- ասաց Ղազինյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական վերջին փոփոխությունները թույլ տվեցին ձևավորել համակարգային փաստաթուղթ, որը հնարավորություն կտա պայքար ծավալել մարտահրավերների դեմ:

Տեսանյութեր

Լրահոս