Ալիևը հուսով է, որ ԱՄՆ-ի և Օբամայի ջանքերը, ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը, մոտ ապագայում արդյունք կտան
APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, հաղորդում է, որ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված ԱՄՆ-ում այսօր տոնվող Անկախության օրվա հետ:
«Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ ողջ ամերիկացիներին Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով»,- ասված է Ալիևի շնորհավորական ուղերձում:
Ալիևի խոսքով՝ այսօր Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բազմակողմ զարգացման ճանապարհին:
«Մեր երկրների սերտ և փոխշահավետ համագործակցությունը մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները բարձրացրել է ռազմավարական գործընկերության մակարդակի»,- գրել է Ալիևը՝ հիշատակելով համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանն ունեցած մասնակցությունը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերը:
«Մենք մեծ հույսեր ունենք, որ ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի և անձամբ Ձեր ջանքերը, պարոն Նախագահ, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, մոտ ապագայում արդյունք կտան»,- ասված է ուղերձում: