Բաժիններ՝

Անօդաչու թռչող սարքերի մրցույթը որակական առաջընթաց է գրանցել

Անօդաչու թռչող սարքերի մրցույթը, որն անցկացվում է երկրորդ անգամ, քանակական ու որակական առաջընթաց է գրանցել:  Այս տարի մրցույթի եզրափակիչին մասնակցում է տասը թիմ, որոնք, մասնագետների բնորոշմամբ, ներկայացել են լուրջ ինժ եներական ու ծրագրային լուծումներով: Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանում ուրախ եռուզեռ էր. մրցույթի մասնակից թիմերը վերջին շտկումներն էին իրականացնում, թիմերին սատարողները, կազմակերպիչներն ու ժյուրին անհամբեր սպասում էին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք հանդիսացող սարքերի ելույթներին:

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մրցույթի մասնակիցներին տրամադրվել են պայմանական թիրախի կոորդինատներ: Նրանք պետք է սարքն ուղարկեն դեպի նպատակակետ, նետեն որևէ ծանր իր ու վերադառնան: Թիրախը 5մ տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր և նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է գցի պայմանական իր:Մրցույթն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յուքոմ» ընկերության կողմից ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` մրցույթի նպատակն է հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում մեծացնել ռոբոտաշինության և անօդաչու սարքերի նկատմամբ հետաքրքրությունը: «Ներկայում տեխնիկայի զարգացումն ընթանում է ավտոմատ կառավարվող սարքերի ուղղությամբ` կլինի ավտոմեքենաների, գնացքների, թե ինքնաթիռների դեպքում, և ցանկանում ենք երիտասարդների ուշադրությունը դարձնել դեպի այդ ուղղությունները»,-ասաց Կարեն Վարդանյանը: Ինչ վերաբերում է մասնակից թիմերի տարիքային նկարագրին, ապա Վարդանյանի դիտարկմամբ` մրցույթը երիտասարդական է, որին մասնակցում են նաև դպրոցականների թիմեր, հիմնականում ուսանողներ են ու երիտասարդ մասնագետներ:

Մրցույթի հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ շեշտեց, որ միջոցառումը կարևոր է հատկապես ռազմարդյունաբերության զարգացման տեսանկյունից: «Նման մրցույթները կարևորում ենք, քանի որ դրանք ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման նոր սկիզբն են: Մեր ընկերությունը մշտապես աջակցելու է այդ նպատակով ձևավորվող խմբակներին: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք սրա կարիքը շատ ունենք: Շատ ուրախ եմ, որ նախաձեռնությանը միացել ենք շատ ավելի վաղ, այսինքն` ոլորտի կարևորությունը գիտակցել ենք»,-նշեց Հայկ Եսայանը: Նա հույս հայտնեց, որ ականատես կլինեն գեղեցիկ մրցակցության, իսկ ներկայացվող սարքերը կգոհացնեն կազմակերպիչներին:

Այն, որ սարքերը պետք է ինքնուրույն տեղափոխվեն նշված գոտի, բեռը գցեն թիրախի վրա ու վերադառնան սկզբնակետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի կարծիքով, արդեն խոսում է այդ սարքերի որակական բնութագրիչների մասին: Ինչ վերաբերում է ԶՈՒ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջև առարկայական համագործակցությանը, Դավիթ Փախչանյանը նկատեց. «Մենք աշխատում ենք ոլորտի հետ, այսօր էլ ունեցել ենք հատուկ խորհրդակցություն, պետք է վստահեցնեմ, որ ոլորտի հետ շատ կոնկրետ խնդիրների վրա ենք աշխատում»: Անդրադառնալով դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնադրման ծրագրին` Փախչանյանը կարևորեց փաստը, որ երեխաների մոտ վաղ տարիքից մոտիվացիա է առաջանում զբաղվել բարձր տեխնոլոգիաներով: «Այսօր էլ մրցույթին մասնակցում են երկու դպրոցական խմբակներ, կարևոր է, որ երեխաների մոտ բարձր տեխնոլոգիանով զբաղվելու ցանկություն լինի»,-հավելեց փոխնախարարը:

Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ գնդապետ Բալայանը լրագրողների հետ զրույցում շեշտեց նմանատիպ մրցույթների անցկացման կարևորությունը պետության ընդհանուր զարգացման տեսանկյունից, հատկապես, երբ մանուկ հասակից են մասնակիցները զբաղվում: «Խորհրդատային տարիներին կային տեխնոլոգիական ակումբներ, խմբակներ, այսօրվա մեր լուրջ մասնագետներից, գիտնականներից շատերն անցել են այդ ուղիով: Սա այն սկիզբն է, որ պետք է աջակցի հետագա սերունդների զարգացմանը: Պարտադիր չէ, որ տեխնիկան ստեղծվի կռվելու կամ պատերազմելու համար, եթե ստեղծվում են սարքեր տնտեսության մեջ կիրառվելու համար, դա կբերի տնտեսության զարգացմանը, որն էլ իր հերթին` պետության հզորացմանը: Եթե պետությունը հզոր է, հնարավորությունները մեծ են»,-ընդգծեց զինվորականը:

Մրցույթի եզրափակիչում մրցող 10 թիմերն են`
1.
Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Epic Dron» թիմը
2. «Eagle Eye»
թիմը
3. «iUAV»
թիմը
4. «
Սավառնակ» թիմը
5.
Էլլիպս Ջի Էյ ընկերության «Sky protectors»
6. «
Արծիվ» թիմը
7. Fimetech
ընկերության թիմը
8. Technology & Science Dynamics TSD-
ի թիմը
9. Tumo Center for Creative Technologies-
ի «Բզբզողնե ր» թիմը
10.
Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի «Ռոբոէջմիածին» թիմը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս