Էդվարդ Նալբանդյանը ողջունում է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի նաև Սենատի կողմից և օրենքի ուժ կստանա: Պատասխանելով Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին, նախարարն ասել է. «Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մար դկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»:
Ֆրանսիայի Ազգային ժողովը հուլիսի 1-ին միաձայն հավանության է արժանացրել կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրենքի նախագծին կողմ են քվեարկել ներկա բոլոր 21 պատգամավորները: