Աշնանը նախատեսվում է Տաջիկստանի նախագահի այցը Հայաստան

Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ուղիները: Երևանում Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Պայմանավորվածություն էր ձեռք բերվել գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններին նոր դինամիկա և բովանդակություն հաղորդելու շուրջ: Դրանով է պայմանավորված Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան, Հայաստանում Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ Ասլովի հետ հանգամանալից քննարկվել են Տաջիկստանի նախագահի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաև հայ-տաջիկական հարաբերությունների վերաբերող բազմակողմանի հարցեր: Կողմերը կարևորել են խորհրդարանական մակարդակով համագործակցության խորացումը: Նալբանդյանը նկատեց, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը դրական է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ հավելելով, որ Տաջիկստանն աջակցում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին:
Հայաստանի արտգործնախարարը նաև հայտնեց, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է հայ-տաջիկական փոխգործակցության 2016-2018թթ. ծրագիր:

«2004թ. գործում է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը, որի գործունեության ակտիվացման հարցերն այսօր ևս մեր հանդիպման օրակարգում էին: Ակնկալում ենք մոտ ապագայում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը: Կարծիքներ փոխանակեցինք երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ»,- ասաց Է. Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս