Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ հանդիպման արդյունքներով
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո հայտարարությունը՝ Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ հանդիպման արդյունքներով.
«Հարգելի ներկաներ,
Ուրախ եմ ողջունել Երևանում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի արտգործնախարար, իմ լավ բարեկամ Սիրոջիդին Ասլովին:
Հայաստանի և Տաջիկստանի հարաբերությունները խարսխված են մեր ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա։ Անկախությունից ի վեր հենց այդ հիմքի վրա ենք կառուցում մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունները։
2015թ. սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի և Տաջիկստանի Նախագահների միջև կայացած հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլեր ձեռնարկել՝ երկկողմ հարաբերություններին նոր դինամիկա և բովանդակություն հաղորդելու շուրջ, ուստի պարոն Ասլովի այցելությունը՝ Տաջիկստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան, վերջերս Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում դիտարկում ենք հենց այս համատեքստում։
Իմ գործընկերոջ հետ հանգամանալից քննարկեցինք Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր. մասնավորապես, մտքեր փոխանակեցինք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:
Կարևորեցինք արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Այս առումով կարևոր էր այսօր ստորագրված երկու երկրների արտգործնախարարությունների միջև 2016-2018թթ. խորհրդատվությունների անցկացման ծրագիրը:
2004թ.-ից գործում է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը, որի գործունեության ակտիվացման հարցերը ևս մեր հանդիպման օրակարգում էին։ Ակնկալում ենք մոտ ապագայում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը։
Պարոն Ասլովի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ։
Մենք շեշտեցինք համագործակցության խորհրդարանական ձևաչափի կարևորությունը։ Մեր օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են հատկապես ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:
Ինչպես գիտեք երկու օրից Երևանում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ գործընկերներին՝ ՀԱՊԿ հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացմանը աջակցելու համար։
Պարոն Ասլովին ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Այս առումով հավելեմ նաև, որ մենք արժևորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ, և Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը։
Այժմ խոսքը սիրով փոխանցեմ գործընկերոջս։
Խնդրեմ»: