«Էրկու արկ կար ձեռքիս. երկրորդով թխեցի, մի 15 րոպե անց սա տարան… տեղս փոխեցի, էն մին օրը երկրորդն եմ խփում՝ տանկը ճրճտալով վառվում ա»

hayzinvor.am-ը գրում է. Արսենը մեկ ժամից պետք է ճանապարհվի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ «Արիության համար» մեդալ ստանալու: Փոխգնդապետը հրահանգավորում է դասակի հրամանատարին, բացատրում, թե ինչպես պետք է մոտենա նախագահին, ինչպես զեկուցի, համազգեստի որ հատվածում է ամրացվելու պարգևը: Հրամանատարի տեղակալը ժամանակավոր «ստանձնում» է նախագահի դերը, Արսենն էլ փորձում է չսխալվել: Բայց կամ արագ է քայլում, կամ զեկուցելիս ձայնն է ցածրացնում:

– Տանկ թխելը ավելի հիշտ ա,- վրա է բերում երիտասարդ լեյտենանտը, երբ ամեն ինչ վերջապես փոխգնդապետի սրտով է լինում:

Դե, իհարկե, կարող է այդպես ասել. չէ՞ որ քառօրյա պատերազմի ժամանակ «Ֆագոտ» հակատանկային համալիրով հակառակորդի երեք տանկ է խոցել:

– Ֆագոտչիկներս սնայպերի նմանընք, է, գործ ըրալ,- կարծես թե զրույցն սկսվում է: Դասակի հրամանատարը հիմա էլ երկու նախապայման է առաջ քաշում՝ անջատել ձայնագրիչն ու՝ «ես մեր բարբառավնում խուսելու»: Համաձայնում եմ, ճարս ինչ: Արսենը իր հարազատ Ասկերանի բարբառով պատմում է, որ ինքը զինվոր էր հակատանկային դասակում, երբ առաջին անգամ ֆագոտ տեսավ, որ հափշտակությամբ ուսումնասիրում էր ամեն մի դետալը… Պատմում է երկու տարվա պայմանագրային ծառայության մասին քիմիական վաշտում, նաեւ՝ Արցախի պետական համալսարանի ՆԶՊ եւ  ֆիզդաստիարակության ֆակուլտետում ուսումնառությունից: Հենց այդտեղ էլ իմանում է, որ բարձրագույն ավարտածները կարող են վերապատրաստվել եւ սպա դառնալ.

– Քեցինք սվրեցինք, եկանք ժիրիբյովկին մասնակցեցինք ու ընկանք էս զորամաս: Ութ ամիս առաջ էր:

– Փոշմանել ես, չէ՞,- փոխգնդապետ Կարեն Հայրապետյանը խաղում է երիտասարդ սպայի հոգու հետ:

– Հո՞ւվ, ե՞ս,- զարմանում է Արսենը ու նայում անկյունում դրված ԼՂՀ դրոշին, որ գրեթե փոքրիկ սենյակի բոյին է:- Ըստի դրոշ ունեցողը կփուշմանե՞… Էդ իրեք տանկը իր խաթրի համարում թխալ…

Այսպես, ուրեմն, «գնում ենք» խոցված երեք տանկերի հետքերով: Գիշեր էր: Ժամը 3-ը: Չիմացան էլ, թե մեքենան իրենց առաջնագծի որ հատվածում թողեց: Ասում է՝ քնաթաթախ մարդը ոնց կկողմնորոշվի մութ սենյակում, այդպես էլ իրենք: Հրաման կար՝ մինչեւ առավոտյան ժամը վեցը պատրաստ լինել խնդիր կատարելու:

– Խրամատավորվում ենք, սպասում: Վեցին տանկը քեթը հանում ա: Թող ներեն տանկիստները, տանկ սիրում չըմ լի՝ ուժեղ ա, բայց բութ տեսք ունի…

– Հլը ու մի սիրեիր, վերջ ի վերջո հակա-տան-կիստ ես,- առաջին վանկը երկարացնելով ասում է փոխգնդապետը:

– Հա, էլի, դուզըք ասում,- ժպտում է Արսենն ու շարունակում:- Էրկու արկ կար ձեռքիս. երկրորդով թխեցի: Մի 15 րոպե անց սա տարան: Տեղս փոխեցի: Էն մին օրը երկրորդն եմ խփում՝ տանկը ճրճտալով վառվում ա: Դա էլ  տենց գնաց…

Արսենը այնքան պարզ, համով է խոսում, որ ուզում ես անվերջ լսել:

-Երրորդն էլ ապրիլի 5-ին խփեցի: Խփեցի ու դրանով զինվորիս՝ Մանուկյան Արսենի ծնունդը պազդրավիտ արի: Անտերը կես ժամ վառվեց… Զարմացա. էկիպաժը սաղ էր մնացել: Դուրս եկան ու փախան: Կարո՞ղ ա՝ Տ-90 էր…

– Դու դեռ գլո՞ւխ ես գովում,- ասում է սենյակ վերադարձած փոխգնդապետը:

– Ոչ մի կերպ, պարոն փոխգնդապետ: Մարդ հաց թխելի հետե կլոխ ա գովում, որ ես տանկ թխելի հետե գովամ: Մեր գործն ա լի:

Երեք տանկի պատմությունը պատմված է: Եվ Արսենը բացահայտում է  հակատանկիստների հաջողության գաղտնիքը: Չէ, ոչ մի արտառոց մեթոդ: Տարածությունն էր մոտ, երբեմն գործել են 500 մետր, իսկ երբեմն էլ՝ 300 մետր հեռավորության վրա:

Մեքենան եկավ: Արսենը նստեց ու հարազատավարի ձեռքով արեց: Ես էլ ձեռքով հրաժեշտ տվեցի ու մտածեցի.

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Սիփան Գյուլումյանի
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս