Սպանված ռուս օդաչուի ընտանիքին Քեմերում տուն առաջարկած թուրք քաղաքապետը կհեռացվի կուսակցությունից
Թուրքիայի կողմից ռուսական Սու24 ինքնաթիռի խոցման հետևանքով զոհված ռուս օդաչուի ընտանիքին բնակարան նվիրելու առաջարկ արած Քեմերի քաղաքապետ Մուստաֆա Գյուլին կհեռացնեն կուսակցությունից:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Մուստաֆա Գյուլին կուսակցության շարքերից հեռացնելու նպատակով դիմել են էթիկայի հանձնաժողովին:
Մասնավորապես, Բահչելին զայրացել է այն փաստի վրա, որ Քեմերի քաղաքապետը ցանկանում է պարգևատրել «թուրքմենների մարդասպանին»: «Այս պահից սկսած Քեմերի քաղաքապետը որևէ բարոյական և մարդկային կապ չունի մեզ հետ», ասել է
«Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը:
Մուստաֆա Գյուլը, այդուհանդերձ, հայտարարել է, որ շարունակում է կանգնել իր առաջարկի հետևում: Նա նաև տեղեկացրել է, որ սպանված օդաչուի ընտանիքին տոն նվիրելու առաջարկն իր անձնական նախաձեռնությունն է:
Թուրքական Անթալիայի Քեմեր հանգստավայրի քաղաքապետ Մուստաֆա Գյուլը նախօրեին հանդես էր եկել ռուսաստանյան Սու24 ռմբակոծիչի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին բնակարան նվիրելու առաջարկով: Մուստաֆա Գյուլի կարծիքով` իրենց այդ առաջարկը «կօգնի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնմանը»:
Օդաչուի ընտանիքը, սակայն, հրաժարվել էր որևէ փոխհատուցում ընդունելուց: Օդաչուի եղբայր Պավել Պեշկովը հայտնել էր, որ այդ առաջարկն ուղղակի անհեթեթություն է: